Ստեփանակերտի Կըրկըժան արվարձանում հայտնաբերվել է Սուրբ Աստվածածին հին եկեղեցին, որը պետական պահպանության եւ վերականգնման կարիք ունի։
Այս մասին հայտարարել է ԼՂՀ կառավարությանն առընթեր զբոսաշրջության վարչության պետ Սերգեյ Շահվերդյանը։
Նա նաեւ նշել է, որ եկեղեցու վերականգնման եւ շահագործման համար միջոցներ պետք է հայթայթեն տվյալ համայնքի հավատացյալները։ Սերգեյ Շահվերդյանի խոսքով, կրոնական կառույցների պահպանության ոլորտը ԼՂՀ-ում դժվարին կացության մեջ է գտնվում։
«Չի կարելի ամբողջ հույսը պետության վրա դնել։ Հասարակությունը պետք է ակտիվ մասնակցություն ցուցաբերի հուշարձանների վերականգնման հարցում»,- ասել է նա։ Սերգեյ Շահվերդյանի խոսքով, պետք է կատարելագործել այդ ոլորտի օրենսդրությունը։ Այդ առաջարկությունների փաթեթով տուրիզմի բաժինը պատրաստվում է դիմել խորհրդարան։



























