Հայաստանի առողջապահության նախարարությունից NEWS.am-ին հայտնեցին, որ նոյեմբերի 18-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է H1N1 գրիպով կասկածելի 21 հիվանդ: Հիվանդներից 12-ը բուժում ստանալուց հետո առողջացել եւ հիվանդանոցից դուրս են գրվել, իսկ մնացածները շարունակում են ստանալ համապատասխան բուժում «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում: Հիվանդներն ունեն առողջացման դրական դինամիկա:

Նշենք, որ «խոզագրիպով» վարակված 21 հիվանդներից երկուսը Իրանի քաղաքացիներ էին, 1-ը՝ Թուրքիայի, մյուսները՝ Հայաստանի: Գրեթե բոլոր հիվանդները, բացառությամբ մեկ տաքսու վարորդի եւ հոր կողմից վարակված ընտանիքի, վարակվել են արտերկրում: Ներկայումս Հայաստանում չկա «խոզի գրիպի» դեմ պատվաստանյութ՝ ոչ երեխաների, ոչ մեծահասակաների համար: Դեղատներում բժշկական դիմակների եւ հակագրիպային միջոցների դեֆիցիտ է նկատվում: Հանրապետությունում, սակայն, կա «խոզի գրիպի» դեմ արդյունավետ դեղամիջոց համարվող «Տամիֆլյու»-ի որոշակի պաշար: