Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի անդամագրումը կառավարող Հանրապետական կուսակցությանը, որ գլխավորում է երկրի նախագահ Սերժ Սարգսյանը, որքան անսպասելի, նույնքան էլ օրինաչափ քայլ էր:

Փաստացի երկրի իշխանությունները գնացին երկրի քաղաքական կյանքի եւ տնտեսական քաղաքականության նկատմամբ վերահսկողության եւ ազդեցության համախմբման ճանապարհով: Դրա հետ մեկտեղ, կառավարող կոալիցիան իր ուսերին առավ երկրի կառավարության բավական հակասական հակաճգնաժամային ծրագրի պատասխանատվության բեռը: Գլոբալ տնտեսական ճգնաժամի հետեւանքները չեզոքացնելու՝ ոչ վաղ անցյալում անկուսակցական վարչապետի ջանքերը դժվար է արդյունավետ անվանել: 2009թ. արդյունքներով Հայաստանը կանգնած է տնտեսական կարեւորագույն ցուցանիշների համատարած անկման փաստի առջեւ: Վարչապետի լավատեսական հայտարարությունները՝ հավակնոտ նախագծերի իրացման մասին, որոնք ունակ են Հայաստանը դուրս բերել նորարարական տնտեսական մոդելով երկրների շարքը, փոխարինվեցին վիճծառայության ահագնացող տվյալներով եւ արտաքին պարտքի ծանրության մասին մեկնաբանություններով: Դժվար է չնկատել, որ արմատական ընդդիմությունն այսօր իր քննադատությունը կառուցում է հանրապետության սոցիալ-տնտեսական իրավիճակի շեշտադրումներով: Հենց այդ պայմաններում էլ տեղի ունեցավ վարչապետի կուսակցական մկրտությունը:

Այսպես, Հայաստանի Հանրապետական կուսակցությունն իր վրա է վերցնում կառավարության տնտեսական քաղաքականության, նաեւ ապագա որոշումների պատասխանատվությունը: Մյուս կողմից, վարչապետ Տիգրան Սարգսյանը հետայսու դադարում է դիտարկվել որպես ազատ քաղաքական գործիչ, որ ունակ է որոշակի պահի եւ որոշակի պայմաններում հանդես գալ ինքնուրույն բեւեռից: Այս կերպ անիմաստ են դառնում նաեւ այն կանխատեսումները, թե վարչապետը խորհրդարանական ընտրություններում կարող է գլխավորել Արմենական ռամկավար-ազատական կուսակցության ընտրացուցակը: Տվյալ քաղաքական նախագիծը, որ բազմաթիվ մեկնաբանությունների տեղիք էր տվել, հիմնականում քննադատական բնույթի, համառորեն կապվում էր վարչապետի անվան եւ նրա՝ ազգային բնույթի միացյալ քաղաքական կոալիցիա ստեղծելու ցանկության հետ, որը կկարողանար չեզոքացնել ՀՅԴ-ի ազդեցությունը:

Ակնհայտ է, որ վարչապետի ազատության կորուստը պարտադրված քայլ է՝ կապված երկրի կառավարության առջեւ կանգնած կոշտ տնտեսական մարտահրավերների համատեքստում սեփական թիկունքը ամրապնդելու անհրաժեշտության հետ: Այսօր արդեն կասկած չկա, որ եթե 2009-ը ճգնաժամի տարի էր, 2010-ը լինելու է դրա հետեւանքների համար վճարելու տարի:

Բացառված չէ նաեւ, որ ՀՀԿ-ն դիտարկում է Տիգրան Սարգսյանին՝ որպես մի քաղաքական գործչի, որը ի վիճակի է ահագնացող ներքաղաքական անկայունության պայմաններում խաղալ եւ ուրիշ դեր, եւ հնարավոր է, որ նրան շուտով հետ կանչի վարչապետի պաշտոնից՝ այլ լիազորություններ տալով: Երկրորդ վարկածն ավելի հավանական է: ՀՀԿ-ն հասկանում է, որ վարչապետը դառնում է իդեալական եւ ամենաանպաշտպան թիրախ ոչ միայն ընդդիմության, այլեւ մերձիշխանական ճամբարների համար, եւ այդ պատճառով էլ նրա վրա տարածում է կուսակցական պաշտպանական մեխանիզմներ:

Արմեն Գեւորգյան