Սեպտեմբերի 23-ին վնասազերծված «բանդայի»  գործով կասկածյալների շրջանակը, թեեւ շատերի մոտ կասկածներ է հարուցում, սակայն սույն գործով որպես կոորդինատոր եւ գլխավոր պարագլուխներից մեկը համարվում է «Գառնի Սուրիկի Լավաշի» սեփականատիրոջ հարսը` Մարինա Գեորգաձեն, Արտյուշա Հակոբյանի կինը: Սույն տեղեկատվության վերաբերյալ պաշտոնական մեկնաբանությունը ստանալու համար NEWS.am դիմեց նաեւ Ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանին: Վերջինս նշեց, որ քննություն է ընթանում եւ քննության ավարտից հետո նոր միայն բոլոր հարցերի պատասխանները հստակ կտրվեն:

Ի դեպ, մեզ հաջողվեց ճշտել, որ վրացի Մարինա Գեորգաձեն Արտյուշա Հակոբյանի 2-րդ կինն է: Նախկինում Մարինան ամուսնացած է եղել ազգությամբ վրացի քրեական հեղինակության հետ: Ավելին` Հակոբյանների ընտանիքին մոտ կանգնած մեր աղբյուրները փոխանցեցին, որ Սուրիկ Հակոբյանը երկար ժամանակ նույնիսկ տուն չի թողել հարսին, քանի որ դեմ է եղել նրա եւ որդու միությանը եւ բոլորովին վերջերս է համակերպվել այդ մտքի հետ:

Սուրիկ Հակոբյանից հետաքրքրվեցինք, թե իրենց տեղեկացրե՞լ են, որ հարսը կասկածվում է, որպես «բանդայի» գործով գլխավոր կասկածյալ, ինչին նա պատասխանեց, որ եթե իր հարսը «բանդայի» պարագլուխն է  եւ, եթե կինարմատը կարող է նման բան անել, թող տանեն գնդակահարեն: «Մեզ չեն ասել մենք տեղյակ չենք»,-հավելեց նա: Հարցին, թե ճի՞շտ է, որ Մարինան իր որդու 2-րդ կինն է, Սուրիկ Հակոբյանը պատասխանեց. «Համարյա», սակայն չցանկացավ չակերտները բացել:

Նա շրջանցեց նաեւ տեղեկությունը, թե իր հարսի նախկին ամուսինը գող է եղել:

Սուրիկ Հակոբյանը միայն տեղեկացրեց, որ Արտյուշա Հակոբյանի փոքր աղջիկը ներկա պահին Վրաստանում հարսի մոր մոտ է, իսկ Արտյուշայի 20-ամյա դուստրն իր մոտ է ապրում:

Հիշեցենք, որ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը, սեպտեմբերի 27-ին, երկամսյա կալանքի որոշում է կայացրել հանցախմբի պարագլուխներից մեկը համարվող Արտյուշա Հակոբյանի նկատմամբ: Ի դեպ, նույն օրը կալանքի որոշում է կայացվել նաեւ Արտյուշա Հակոբյանի կնոջ` Մարինայի նկատմամբ: Կալանքի տակ է գտնվում նաեւ Սուրիկ Հակոբյանի որդին` Անդրանիկ Հակոբյանը: Ավելի վաղ` NEWS.am-ը տեղեկացրել էր, որ սեպտեմբերի 23-ին, ավազակախմբի վնասազերծման գործողությունն իրականացվել է Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից: Գործողությունն իրականացվել է մի քանի ուղղություններով, որի արդյունքում առ այսօր բերման է ենթարկվել 16 անձ: Գործողության ժամանակ կասկածյալներից մի քանիսը փորձել են փախուստի դիմել, սակայն Mercedes մակնիշի մեքենան վթարվել էր, իսկ 49-ամյա Գուրգեն Հայրապետյանը փախուստի ժամանակ ընկել էր ժայռից եւ մահացել: Բանդայի վնասազերծման գործողության արդյունքում ձերբակալվել էր 16 մարդ, որոնցից 8-ը, այդ թվում հանցախմբի պարագլուխներից մեկը համարվող Արտուշ Հակոբյանը ավելի ուշ կալանավորվել էին: Սկզբում տեղեկություններ էին շրջանառվում, թե այս գործում մի ամբողջ շարք պաշտոնատար անձանց զավակներ են խառնված, սակայն այդ լուրերը հերքվեցին ոստիկանության եւ դատախազության կողմից: Հիշեցենք նաեւ, որ Մարինա Գեորգաձեին խարդախության մեղադրանքով Վրաստանի դատարանը մեղավոր է ճանաչել եւ նա մինչեւ ձերբակալվելը հետախուզման մեջ էր գտնվում նաեւ Վրաստանի իրավապահների կողմից:

 

Պատրաստեց Տաթեւ Մեսրոպյանը