Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական ապահովության արդեն նախկին նախարար Գեւորգ Պետրոսյանին զբաղեցրած պաշտոնից հեռացնելը նրա փորձի պակասն էր: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Խաչիկ Գալստյանը:
«Ոլորտը գերհագեցած, ծանրաբեռնված ոլորտ է, եւ այն խնդիրները, որ Գագիկ Ծառուկյանը դրել էր այս ոլորտը ղեկավարած անձնավորության առջեւ, ընդհանուր առմամբ դեռ չեն իրականացվել: Դրա համար էլ այս փոփոխությունը տեղի է ունենում»,- նշեց Գալստյանը:
Հիշեցնենք, որ ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ու ինքը՝ Գեւորգ Պետրոսյանը հրաժարականի դիմումը պայմանավորել էին նախարարի առողջական խնդիրներով:
Ի դեպ, ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը օրերս NEWS.am-ին հայտնել էր, թե նախարարի հեռացման մասին լուրերը հերյուրանք են, իսկ ԲՀԿ-ն շատ գոհ է Պետրոսյանի աշխատանքից: Ինչպե՞ս հասկանանք ԲՀԿ-ականների խոսքերի հակասությունը, հարցին Խաչիկ Գալստյանը պատասխանեց. «Մենք հարցը գոհության եւ դժգոհության հարթության մեջ չենք դնում, այլ ոլորտը բարձր մակարդակի կառավարելու մասին է խոսքը: Եւ սոցիալական ապահովության ոլորտը նուրբ ոլորտ է, եւ մենք մեծ փորձ ուենցող մարդ ենք առաջարկում»: Ի դեպ, Գալստյանը հայտնեց, որ արդեն հայտնի է, թե ով է լինելու հաջորդ նախարարը, Հայկական կարմիր խաչի նախագահ, Աժ պատգամավոր Մխիթար Մնացականյանը:




























