Լուսանկարե՞լ, թե՞ չլուսանկարել, ո՞ւմ եւ որտե՞ղ կարելի է լուսանկարել եւ հրապարակել. սրանք հարցեր են, որոնց առաջ ամեն օր կանգնում են լրագրողները: Ավելին` յուրաքանչյուր լրագրողի կյանքում թերեւս ամենաշատ լսած արտահայտություններից են. «Մի’ լուսանկարիր, իրավունք չունես, սա իմ անձնական կյանքն է, իմ մասնավոր տարածքը»:
Երեւանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական իրավունքի ամբիոնի դասախոս, իրավաբանական գիտությունների թեկնածու Արփինե Հովհաննիսյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ լրագրողի լուսանկարելու իրավունքի եւ մարդկանց անձնական կյանքի սահմանի հարցում Հայաստանում առկա է օրենսդրական բաց, հստակ կարգավորում չկա: Նրա խոսքով` այս խնդիրը պետք է դիտարկել քաղաքացիական օրենսդրության բնագավառում, մասնավորապես` ՀՀ Քաղօրի 162-րդ հոդվածը սահմանում է «ոչ նյութական բարիքներ» հասկացությունը, որտեղ քաղաքացիաիրավական պաշտպանության օբյեկտ են դիտարկվում անձի կյանքը, առողջությունը, արժանապատվությունը, պատիվը, բարի համբավը, մասնավոր կյանքի անձեռնմխելիությունը եւ այլն: Հետեւաբար` դրանք պահպանվում են օրենքով եւ դրանց խախտումը եւս պատժվում է օրենքով:
Օրինակ` խանութներում, շուկաներում եւ այլ հանրային վայրերում լրագրողները հաճախ են լսում, թե «իրավունք չունես լուսանկարել, սա իմ տարածքն է», մինչդեռ Արփինե Հովհաննիսյանը նշում է, որ այդտեղ լրագրողը կարող է լուսանկարել եւ կատարել իր մասնագիտական պարտականությունները, որովհետեւ` նախ, դրանք հանրային տարածք են ու բաց են այցելության համար եւ, հետո` գործ ունենք սպառողների շահերի պաշտպանության հետ: «Տարատեսակ տոնավաճառները, խանութները, շուկաները նախատեսված են հանրային այցելության համար, դրանք ազատ են, այդտեղ մտնելիս որեւէ թույլտվություն պետք չէ, ոչ էլ գաղտնի ես մտնում: Ազատ օգտագործման վայր է եւ այդտեղ հանրային կյանքին առնչվող ցանկացած հարց կարելի է լուսաբանել, առավել եւս, երբ դրանք առնչվում են սպառողներին: Չմոռանանք, որ չկա որեւէ իրավական նորմ, որը կարգելի հանրային ազատ այցելության վայրերում նկարելը, առավել եւս այն դեպքերում, երբ նկարում են օրենքի խախտման դրսևորումները»,- նշեց նա:
Անդրադառնալով քաղաքացիներին եւ պաշտոնատար այրերին տարբեր վայրերում լուսանկարելուն` Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ մի շարք երկրներում այս հարցը հստակ կարգավորված է, բայց մեզանում նորից առկա է օրենսդրական բաց, որն էլ, ըստ էության, կարող է հանգեցնել ծայրահեղությունների: Նախ խնդիրը տարբեր է` կախված, թե լուսանկարում ենք հանրային լայն հետաքրքրություն ներկայացնող անձի՞, թե՞ սովորական քաղաքացու: Բացի այդ, հարկ է տարանջատել «լուսանկարել» եւ «լուսանկարն օգտագործել», հասկացությունները: Եթե առաջինի դեպքում որեւէ խնդիր չկա, ապա այն հրապարակելն արդեն իրավական խնդիր է:
Իրավաբանի խոսքով` օրինակ, պաշտոնատար այրը, եթե գտնվում է որեւէ միջոցառման ժամանակ եւ կատարում է իր պաշտոնական պարտականությունները, առանց նրա համաձայնության կարող են նրան լուսանկարել եւ օգտագործել, իսկ որպես քաղաքացի` աշխատանքի ժամից հետո նրան որեւէ հանրային վայրում լուսանկարելը կարող է դիտվել միջամտություն մասնավոր կյանքին: Թեեւ, իրավաբանի խոսքով, նույնիսկ հասարակական վայրերում հանրային հետաքրքրություն ներկայացնող անձինք (քաղաքական, պետական հասարակական , արվեստի գործիչներ) տեսախցիկից այնքան պաշտպանված չեն, որքան` քաղաքացիները:
«Եվրոպական դատարանի սկզբունքներով` պաշտոնատար անձի մասնավոր կյանքը կարելի է լուսաբանել, եթե դա հանրային հետաքրքրություն է ներկայացնում: Քաղաքական գործիչներին վերաբերող լուսաբանման սահմանները բավականին լայն են, նրանք պետք է ընդունեն, որ զբաղեցնելով որեւէ դիրք եւ հանրությանը հայտնի լինելով` անձնական կյանքի նույնքան գաղտնիությունից չեն կարող օգտվել, որքան քաղաքացիները, առավել եւս` դա չեն կարող պահանջել հանրային վայրերում: Չէ՞ որ, ի վերջո, հանրային հետաքրքրություն ներկայացնող անձինք` լինեն քաղաքական թե հասարակական գործիչներ, իրենք են ընտրել իրենց գործունեության ոլորտը, որն էլ իր հերթին առանձնահատուկ մոտեցում է պահանջում: Այս հարցը նաեւ էթիկայի ոլորտում է, յուրաքանչյուր մասնավոր դեպք պետք է առանձին դիտարկել»,- նշեց նա:
Ինչ վերաբերում է քաղաքացիներին լուսանկարելուն եւ դրանք օգտագործելուն, ապա Արփինե Հովհաննիսյանի խոսքով` այստեղ եւս կա կարգավորման բաց, չնայած Քաղ. օրի 162 հոդվածը ընդհանուր գծերով կարգավորում է մի շարք ոչ նյութական բարիքների պաշտպանությունը: Այս խնդիրը, իրավաբանի փոխանցմամբ, հստակորեն կարգավորվում է մի շարք երկրներում: Օրինակ` Ռուսաստանի Դաշնության Քաղաքացիական օրենսգրքի 152.1 հոդվածը կարգավորում է քաղաքացու պատկերի պաշտպանությունը: Ըստ այդ հոդվածի` քաղաքացու լուսանկարները, տեսագրությունները կարող են օգտագործվել եւ հրապարկվել միայն այդ քաղաքացու համաձայնությամբ: Իրավաբանի փոխանցմամբ` որպես բացառություն նշվում է այն, որ այդ լուսանկարի օգտագործումը անհրաժեշտ է պետական հասարակական շահերից ելնելով, լուսանկարը արվել է հանրային միջոցառումների ժամանակ: «Բայց նույնիսկ այդ դեպքում, եթե պատկերի հիմնական օբյեկտը բացառապես տվյալ քաղաքացին է, ապա այս դեպքում եւս անհրաժեշտ է նրա համաձայնությունը: Ըստ էության, պետք է լինի քաղաքացու համաձայնությունը որպեսզի նրան լուսանկարես եւ հրապարկես, հակառակ դեպքում մենք խնդիր ենք ունենում»,- ասաց նա` հավելելով, որ մեծ նշանակություն ունի նաև լուսանկարի օգտագործման նպատակը, մասնավորապես` եթե դա կատարվում է շահույթ ստանալու նպատակով, այստեղ էլ խնդիր է առաջանում հեղինակային օրենսդրության հետ կապված.
Նշենք, որ շատ հաճախ, տարբեր սոցիալական ցանցերում կարելի է հանդիպել քաղաքացիների լուսանկարներ, որոնք տարաբնույթ, հիմնականում վիրավորական մեկնաբանությունների տեղիք են տալիս: Այս դեպքում, իրավաբանի խոսքով քաղաքացին կարող է պաշտպանություն հայցել կամ մասնավոր կյանքի անձեռնմխելիության շրջանակներում, կամ` որոշ դեպքերում վկայակոչելով այն, որ այդ լուսանկարի հրապարակումը եւ դրա հետեւանքով գրված մեկնաբանությունները վիրավորում են իր պատիվը, արժանապատվությունը կամ հեղինակությունը:
Պատրաստեց` Ինգա Մարտինյանը




























