«Նվազագույնը 8 տարի է աշխատում եմ սոցիալական աշխատանքի եւ հոգեբանության ոլորտում, սակայն ակտիվ համագործակցություն չկա նախարարության հետ։ Չեմ տեսնում այն համագործակցությունը, որը կարելի էր ունենալ։ Չկա որոշակի հաստատված ծրագիր, որ բարեգործական կազմակերպության աշխատակիցը համագործակցության մեջ լինի նախարարության հետ»,- այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Օրրան» հասարակական բարեգործական կազմակերպության սոցաշխատող Մարինե Ազարյանը։ Նա նաեւ հայտնեց «Օրրանի» շահառուների կարծիքը՝ կապված նախարարության աշխատանքի հետ։ Ինչպես իրեն են պատմել շահառուներից ոմանք, նախարարությունում «իրենց ֆուտբոլի գնդակի նման տշել են էս դռնից են դուռը, վերջում մի փաստաթուղթ չեն տվել»: Ազարյանը սակայն չի բացառում, որ դրա պատճառը կարող է լինել շահառուի իրավագիտակցության պակասը։
Մեկ այլ հասարակական կազմակերպության նախագահ, որը ցանկացավ գաղտնի մնալ, չժխտեց, որ սոցապահովման նախարարության աշխատանքում բազմաթիվ բացթողումներ եւ թերություններ կան, բայց դա կապեց ոչ թե նախարարի աշխատանքի, այլ կադրերի ճիշտ ընտրության մեխանիզմի բացակայության հետ։
Հիշեցնենք, որ Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարար Գեւորգ Պետրոսյանը հրաժարական է տվել՝ իբրեւ պատճառաբանություն բերելով առողջական խնդիրները, մինչդեռ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Խաչիկ Գալստյանը NEWS.am-ին հայտնել է, որ նախարարին հեռացնելու պատճառը «նրա փորձի պակասն էր»:
Աշխատանքի եւ սոցիալական ապահովության նոր նախարար է դառնալու ԲՀԿ անդամ Մխիթար Մնացականյանը:




























