Երեկ երեկոյան, Մյասնիկյան պողոտայում հնչած կրակոցներից սպանվել է «Խոսրովի Անտառ» պետական արգելոցի տնօրեն, 1958 թվականին ծնված Սամվել Շաբոյանը: Ինչպես NEWS.am-ին հայտնեց ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը, դեպքը տեղի է ունեցել Նորքի Զանգվածը քաղաքին կապող Մյասնիկյան պողոտայի վրա: Ինքնաձիգից կրակահերթ են արձակել Շաբոյանի ծառայողական ավտոմեքենայի ուղղությամբ: Նա նստած է եղել մեքենայի ետեւի աջ նստատեղին եւ ստացած մարմնական վնասվածքներից մահացել է: Վարորդի վիրավորվելու մասին տեղեկություններ չեն հաղորդվում: Ոստիկանությունը ահազանգ է ստացել Արտաշատի հիվանդանոցից, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել Ս. Շաբոյանը: Բժիշկների ասելով, նրա վերքերը կյանքի հետ անհամատեղելի են եղել եւ նա հիվանդանոց տեղափոխվելուն պես մահացել է:

Ավելի վաղ Շաբոյանը լրագրողներին խոստովանել է, որ ինքը բազմաթիվ սպառնալիքներ է ստանում որսագողերի մաֆիայի ներկայացուցիչների կողմից: Նա իր հետ միշտ զենք է կրել: Արգելոցի հարեւանությամբ գործում է որսորդական տուրիզմի «Սաֆարի ինթերնեշնլ-Արմենիա» կազմակերպությունը: Այդ արգելոցում ամենաարժեքավոր ու հազվագյուտ կենդանիներ են համարվում հայկական մուֆլոնները եւ բեզուարյան այծերը: Ինչպես նշում է կազմակերպության կայքը, այդ կենդանիների որսն արժե 8-9 հազար դոլար: ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության համաձայն, պաշտոնական դիրքի չարաշահման դեպքեր են գրանցվել նաեւ արգելոցի աշխատակիցների կողմից: Ըստ այդմ, 2009-ի փետրվարին վարազի սպանության համար աշխատանքից ազատվել է «Խոսրովի անտառ»-ի Կաքավաբերդի հատվածի ղեկավար Գոռ Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանին չէին կարող չազատել աշխատանքից, քանի որ վարազի սպանության դեպքը տեսագրվել էր եւ ցուցադրվել Հանրային հեռուստատեսությամբ: Այդ ժամանակ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը խորհրդակցություն էր անցկացրել, որի արդյունքում ոլորտի պատասխանատուները պետք է պարզեին տեղի ունեցածի մանրամասները: Սակայն, «բնության պահապանի» անվան տակ թաքնված «որսորդը» պատժվեց ընդամենը վճարելով 1 միլիոն դրամի տուգանք: