ՌԼԴԿ-ից Պետդումայի պատգամավոր Միխայիլ Գլուշենկոն, որի անունը բազմիցս նշվում էր Պետդումային պատգամավոր Գալինա Ստարավոյտովայի սպանության գործով, այդ հանցագործության հետ որեւէ կապ չունի: Այս մասին հայտարարել է Յուրի Կոլչինը, ով 2005թ.-ին դատապարտվել է Ստարավոյտովայի սպանության համար:
«Կոմերսանտ» պարբերականն այսօր, նոյեմբերի 19-ին գրում է, թե Կոլչինն ասել է, որ պատրաստ է գործարքի գնալ քննչական մարմնի հետ եւ տալ հանցագործության պատվիրատուի անունը: Տեղեկատվության դիմաց Կոլչինը խնդրում է ապահովել իր ընտանիքի անվտանգությունը եւ իրեն ներառել վկաների պահպանության ծրագրում: Ընդ որում, աղբյուրի պնդմամբ, քննչական մարմինները դեռ հատուկ հետաքրքրություն չեն ցուցաբերել այդ առաջարկին:
Բացի պատվիրատուի անունից՝ Կոլչինը խոստացել է նաեւ նշել այն հանգամանքները, որ իրեն հայտնի են դարձրել Ստարավոյտովայի սպանությունը պատվիրած անձի ինքնությունը: Անվտանգության երաշխիքների հետ մեկտեղ նա խնդրել է վերսկսել իր քր.գործը՝ նոր հանգամանքների կապակցությամբ:
Գալինա Ստարավոյտովան սպանվել է 1998թ. նոյեմբերի 20-ին, Պետերբուրգում, իր տան շքամուտքում: 2005թ. դատապարտվել են սպանության կազմակերպիչն ու անմիջական կատարողը, սակայն պատվիրատուի անունը չի հնչել, ու 2008թ. գարնանը քննությունը դադարեցվել է: 2009թ. սեպտեմբերի սկզբին քր.գործը վերսկսել են ՝ նոր հանգամանքների ի հայտ գալու պատճառով:


























