«Լեւոն Տեր-Պետրոսյանի նոյեմբերի 11-ի ելույթը հակասություններով լեցուն էր»,- նման գնահատականով այսօր հանդես եկավ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը։ Նրա ներկայացմամբ, Տեր-Պետրոսյանի ելույթի հակասությունն այն է, որ նա մի կողմից պահանջում է Սերժ Սարգսյանի հրաժարականը, մյուս կողմից, բերելով կաթողիկոսի օրինակը, առաջարկում գործարք: Հիշեցնենք, որ Լ. Տեր-Պետրոսյանն իր ելույթում մասնավորապես ասել էր. "XVII դարում Թուրքիայում կար մի փառամոլ եւ իշխանատենչ հոգեւորական, Եղիազար Այնթապցի անունով, որը կաշառքի ու խարդավանքների միջոցով հաջողացրել էր հռչակվել թրքահայության կաթողիկոս՝ ահավոր վտանգի տակ դնելով Հայոց եկեղեցու եւ հայ ժողովրդի միասնությունը։ Այնժամ Էջմիածնի միաբանները ժողով են գումարում եւ դիմելով նրան՝ ասում. «Եղբայր, կաթողիկոս ես ուզում լինել, արի դարձիր Ամենայն հայոց կաթողիկոս, միայն թե ազգի գլխին փորձանք մի՛ բեր ու մի՛ պառակտիր մեր եկեղեցին»:

Կ. Մանոյանի համոզմամբ, այդ «գործարքով» Լեւոն Տեր-Պետրոսյանը փորձում է դառնալ իսկական քաղաքական ուժ եւ ոչ թե մնալ պարզապես մի ընդդիմություն, որի նպատակը նախագահի հրաժարականը պահանջելն է։ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատուի խոսքով, եթե գործարքը հաջողվի, ընդիմությունն այլեւս չի պահանջի Սարգսյանի հրաժարականը։

«Պարզ է, որ իրենց նպատակը, մինչեւ հաջորդ քաղաքական ընտրությունները որպես քաղաքական ուժ ողջ մնալն է»,-ասաց Մանոյանը՝ հավելելով, որ այսպիսի քայլեր առաջին նախագահը անում է հատկապես հիմա, քանի որ Սերժ Սարգսյանի վարած ներկայիս քաղաքականությունը համապատասխանում է նախկինում իր վարած քաղաքականության հետ: Դաշնակցական գործիչը նաեւ նշեց, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը նպատակ ուներ նաեւ քննադատել Դաշնակցությանը, քանի որ չեն կարողանում հաշտվել այն մտքի հետ, որ ընդդիմադիր դաշտում կորցրել են մենաշնորհային դիրքը։