Հայաստանը տարբեր երկրների վերահսկիչ պալատների հետ պատրաստվում է ստուգումներ անցկացնել մի շարք ոլորտներում: Ինչպես նոյեմբերի 19-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի Վերհսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը, ռուսական կողմի հետ ստուգվելու է պետբյուջեից սահմանապահ ծառայությանը հատկացվող միջոցների ծախսումը: Զաքարյանի խոսքով, բացի այդ, Հոլանդիայի հետ համատեղ ստուգումներ են անցկացվելու մաքսային եւ հարկային ոլորտներում, Լեհաստանի հետ՝ բնապահպանական ոլորտում, Գերմանիայի հետ՝ ճանապարհաշինության ոլորտում:
Ինչպես նշեց Իշխան Զաքարյանը, գերմանական կողմի հետ ծրագրի շրջանակներում Հայաստանին մի սարք է տրամադրվելու, որը, շարժվելով ասֆալտած ճանապարհով, մեկ սանտիմետր ճշգրտությամբ հայտնելու է, թե ինչ է գտնվում այդ ասֆալտի տակ: Դա թույլ կտա ստուգել՝ արդյո՞ք ասֆալտե ծածկույթի տակ անհրաժեշտ քանակությամբ ավազ եւ քարեր կան: Թեպետ մեքենան մեկն է, այն կարող է օրական 300 կմ անցնել:
Լեհական կողմի հետ ստուգումների հարցերը քննարկվել են Լեհաստանի Բարձրագույն վերահսկիչ պալատի նախագահ Յացեկ Եժիրսկու Հայաստան կատարած այցի ըթնացքում: Այսօր կողմերը համաձայնագիր ստորագրեցին համագործակցության մասին: Նշենք, որ Եժիրսկին հանդիսանում է նաեւ Եվրոպայի վերահսկիչ պալատների կազմակերպության՝ EUROSA-ի նախագահը:



























