Հայաստանի ոստիկանությունը ձերբակալել է նոյեմբերի 19-ին սպանված, «Խոսրովի անտառ պետական արգելոց» ոչ առեւտրային կազմակերպության տնօրեն Սամվել Շաբոյանի սպանության մեջ մեղադրվող անձին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնեցին, որ գործով ձերբակալվել է Արարատի մարզի Գոռավան գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանը: Վերջինս 2009թ. հունիսի 20-ին սպանված, «օրենքով գող» Մարզպետունի Պետրոսյանի եղբորորդին է, իսկ Մարզպետունի Պետրոսյանին սպանել էր Սամվել Շաբոյանի եղբայրը՝ Պերճիկ Շաբոյանը:
Հիշեցնենք, որ Շաբոյանի սպանությունը տեղի էր ունեցել նախօրեին՝ նոյեմբերի 18-ին, ժամը 23.50-ի սահմաններում: Այդ ժամին Երեւանի Մյասնիկյան պողոտայում 1958 թ. ծնված Սամվել Շաբոյանի «Տոյոտա Պրադո» մակնիշի 007 ԼԼ 71 պետհամարանիշի ծառայողական ավտոմեքենայի ուղղությամբ կրակահերթ էին բացել անհայտ մակնիշի եւ պետհամարանիշի ավտոմեքենա, որից ինքնաձիգի կրակահերթ է արձակվել: Արձակված գնդակները դիպել էին ավտոմեքենայի հետեւի աջ նստատեղին նստած Ս. Շաբոյանի մարմնին, ինչի հետեւանքով նա մահացել է:
Զննությամբ ավտոմեքենայի հետեւի աջ դռան վրա հայտնաբերվել էր հրազենային կրակոցների 30 անցք:
Դեպքի առնչությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 104 եւ 235 հոդվածների 1-ին մասերով հարուցված քրեական գործի նախաքննությունը վարում է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչությունը:

























