Ստամբուլի գլխավոր դատախազության կողմից Հրանտ Դիքնի գործով վճիռը բողոքարկելու որոշումից հետո Դինքի սպանության գործով դատախազ Հիքմեթ Ուստան խիստ քննադատության է ենթարկել դատավորների կայացրած որոշումը:
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ` Դինքի սպանության գործով դատախազ Հիքմեթ Ուստան սուտ է համարել դատարանի կայացրած այն որոշումը, թե սպանության գործում չկար հանցավոր կառույց եւ ապացույցներ: «Ուզում եմ շեշտեմ, որ հանցավոր կառույց է կա, փաստեր էլ կան եւ մի բան էլ ավել կա: Դատարանը գործը վատ է ուսումնասիրել: Դրա ապացույցներից մէկն էլ այն է, որ դատարանը մոռացել էր վճիռ կայացնել 19-րդ մեղադրյալի նկատմամբ»,-նշել է դատախազը` պնդելով, որ դատարանը սխալ որոշումներ է կայացրել եւ ազատել գլխավոր կասկածյալներից Էրհան Թունջելին:
Թուրք դատախազը նշել է, թե դատարանի որոշման տեքստը ստանալուց հետո կհրապարակի բողոքարկման տեքստն ամբողջությամբ:
Նշենք, որ հունվարի 17-ին թուրքական դատարանը Դինքի սպանության գործում Յասին Հայալին մեղավոր ճանաչեց սպանությունը ծրագրավորելու եւ կազմակերպելու մեղադրանքով եւ դատապարտեց ցմահ ազատազրկման։ Սպանության ուղղորդողներից Էրհան Թունջելը Դինքի սպանության գործով անմեղ ճանաչվեց եւ դատապարտվեց 10 տարի 6 ամիս պատժաչափի՝ Mc Donald’s-ի պայթյունի համար։ Սակայն դատարանը նրան ազատ արձակման որոշում է կայացրել` հաշվի առնելով, որ նա այսքան ժամանակ գտնվել է կալանքի տակ: Համապատասխան գործընթացից հետո Էրհան Թունջելը ազատ է արձակվել:
Դատարանի որոշմամբ Դինքի սպանության գործով 19 մեղադրյալների վրայից հանվեց ահաբեկչական կազմակերպության անդամ լինելու մեղադրանքը։



























