Երեկ ԵՄ անդամ 27 երկրների առաջնորդները Բելգիայի մայրաքաղաքում աշխատանքային ընթրիքի սեղանի շուրջ ընտրել են ԵՄ-ի առաջին նախագահին ու առաջին ԱԳ նախարարին: ԵՄ պատմության մեջ առաջին նախագահ է դարձել Բելգիայի վարչապետ 62-ամյա Հերման Վան Ռոմպեյը, իսկ ԵՄ ԱԳ նախարար` Առեւտրի գծով եվրակոմիսար Քեթրին Էշտոնը (Մեծ Բրիտանիա): Նշենք, որ ԵՄ նախագահի ընտրությունների ընթացակարգից կարելի էր սպասել ինչ ասես, նույնիսկ այն, որ «աշխատանքային ընթրիքը» կարող էր վերածվել «աշխատանքային նախաճաշի», բայց ամեն ինչ բարեհաջող է ավարտվել:
Ռոմպեյն իր պաշտոնական պարտականություններին կանցնի 2010-ի հունվարի 1-ից: Քեթրին Էշտոնը Լորդերի պալատի լեյբորիստների խմբակցության ղեկավարն էր, իսկ 2008-ի հոկտեմբերից զբաղեցնում է ԵՄ առեւտրի հանձնակատարի պաշտոնը: Մեծ Բրիտանիայի վարչապետ Գորդոն Բրաունը գոհ է, որ Եվրամիության արտաքին քաղաքականության ոլորտը ղեկավարելու է իր հայրենակիցը:
«Որոշումն ընդունվել է միաձայն՝ Լիսաբոնյան պայմանագրին համապատասխան», ասուլիսում հայտարարել է Շվեդիայի վարչապետ Ֆրեդրիկ Ռեյնֆելդտը:
Ռոմպեյի խոսքով, ԵՄ-ն «կարևոր դեր պետք է խաղա աշխարհում» և շարունակի ընդլայնվել: Հիշեցնենք, որ նա բազմաթիվ անգամ հայտարարել է, որ դեմ է Թուրքիայի ԵՄ անդամակցությանը, քանի որ դրանով կվերանա քրիստոնեության վրա հիմնված Եվրոպական արժեքային համակարգը:
ԵՄ նորընտիր նախագահին ողջունել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման՝ նշելով. «ԱՄՆ-ի համար չկա ավելի կարեւոր գործընկեր, քան Եվրոպան` աշխարհում անվտանգության ու բարեկեցության ամրապնդման համար»,-ասված է Սպիտակ տան կողմից տարածած հաղորդագրության մեջ:




























