2010 թվականին ռուսական գազի տարանցման գինը Ուկրաինայի տարածքով կբարձրանա մոտ 60 տոկոսով: Այս մասին հայտնել է Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը. «Տարանցման վճարը կբարձրանա ավելի շատ, քան Ուկրաինայի կողմից գազի համար վճարը: Մենք դրան պատրաստ ենք եւ դրանում ոչ մի արտասովոր բան չկա»,- ասել է Պուտինը՝ Ուկրաինայի վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի հետ բանակցություններից հետո:

Պուտինն ընդգծել է նաեւ, որ «Գազպրոմ»-ը եւ Ուկրաինայի «Նեվթոգազը» հստակեցնում են գազի այն ծավալները, որն անհրաժեշտ է Ուկրաինային 2010 թվականին: Նա նշել է, որ Ռուսաստանը մտադիր է ընդառաջ գնալ Ուկրաինային եւ կրճատել մատակարարվող գազի ծավալները, խուսափելու համար գազի ավելցուկից ու, որպես արդյունք, պատժամիջոցների կիրառումից: «Ինչպե՞ս անել, որ այդ պատժամիջոցները չլինեն եկող տարի: Մենք այսօր որոշում ենք ընդունել պայմանավորվել նոր ծավալների շուրջ: Չի լինի ավելորդ ծավալ, չեն լինի նաեւ պատժամիջոցներ: Դա շատ պարզ լուծում է եւ ընդունելի բոլորի համար»,- ասել է Պուտինը:

Նկատենք, որ մինչ Տիմոշենկոն ու Պուտինը Յալթայում քննարկում էին էներգետիկ խնդիրներ, Կիեւում Վրաստանի եւ Ուկրաինայի նախագահները բացում էին Վրաստանի նոր դեսպանատունը: Պուտինի ու Տիմոշենկոյի միջեւ համաձայնագրի ստորագրումից հետո մամուլի ասուլիսի ժամանակ ՌԴ վարչապետը վիրավորական արտահայտություններ է արել Ուկրաինայի նախագահ Յուշչենկոյի եւ Ուկրաինա այցելած Վրաստանի նախագահ Սահակաշվիլիի հասցեին: Մեկնաբանելով Սահակաշվիլիի այցը, Պուտինն ասել է, թե թող նրանք ընթրեն առանց փողկապի, քանի որ փողկապներն այժմ գին ունեն: Դե դուք ինձ հասկանում եք, ասել է Պուտինը լրագրողներին, ակնարկելով 2008-ի ռուս-վրացական պատերազմը եւ հայտնի դեպքը, երբ Սահակաշվիլին փողկապը ծամելով զրուցում էր ինչ որ պաշտոնյայի հետ: