Հայաստանի վարչական դատարանի դատավոր Արծրուն Միրզոյանը նոյեմբերի 20-ին բավարարել է «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի հայցը եւ պարտավորեցրել ոստիկանությանը 5 տարվա մշտական բնակության տեղեկանք տրամադրել Փաշինյանին:
Նշենք, որ Փաշինյանը պահանջում է ոստիկանության Իջեւանի անձնագրային բաժանմունքին պարտադրել՝ իրեն տրամադրել Հայաստանում 5 տարի մշտական բնակվելու տեղեկանքը: Ոստիկանությունը հրաժարվել էր տեղեկանք տրամադրել՝ հայտնելով, թե 2008թ. փետրվարի 26-ից մինչեւ 2009թ. հուլիսի 7-ը Փաշինյանը եղել է հետախուզման մեջ:
Նոյեմբերի 18-ին կայացած նիստում ոստիկանության ներկայացուցիչներն այդպես էլ չկարողացան ապացուցել, որ Փաշինյանը մեկուկես տարի գտնվել է Հայաստանից դուրս, եւ Արծրուն Միրզոյանը օրինական վճիռ կայացրեց՝ բավարարելով հայցը: Ի դեպ, վճիռի մեջ մեկ ուշագրավ ձեւակերպում էլ կար, եթե ոստիկանությունը հրաժարվի տեղեկանք տրամադրելուց, նրան դա կստիպի անել ԴԱՀԿ-ն:
Ի դեպ, դատավորի այս որոշումից անակնկալի էին եկել նաեւ Փաշինյանի ներկայացուցիչները: «Ճիշտն ասած դատաքննության ավարտին նման կարծիք կազմեցինք, որ հնարավոր է նորմալ դատական ակտ: Վաղուց ես օրինական դատավճիռ չէի սպասում: Թե ինչո՞վ է պայմանավորված այս վճռի կայացումը, չեմ կարող ասել: Եթե Հայաստանում օրենքը սկսել է գործել, հաջորդը պիտի լինի Փաշինյանի արդարացումը»,- նշեց փաստաբան Լուսինե Սահակյանը: Վերջինս նաեւ չբացառեց, որ իշխանությունները մտադիր են այլ կերպ խոչընդոտել Փաշինյանի առաջադրումը, հատկապես, որ քրեական դատարանում մեղադրող կողմը հրաժարվեց 26 վկաների ցուցմունքներից, ինչը հիմք է տալիս կարծելու, որ ցանկանում են արագացնել դատաքննությունը եւ դատել Փաշինյանին՝ նրան զրկելով առաջադրվելու հնարավորությունից: «Հնարավոր է նաեւ դա, բայց ես բացառում եմ որ դատարանը հնարավորություն կունենա այդքան արագ ակտ կայացնել, որովհետեւ մենք ունենք ներկայացնելու բազմաթիվ ապացույցներ: Եւ չեն հասցնի անել մինչեւ ընտրությունները»,- նշեց փաստաբանը, իսկ Նիկոլ Փաշինյանի լիազոր ներկայացուցիչ Դավիթ Մաթեւոսյանն էլ նկատեց, որ որոշումը կայացվել է Բաղրամյան 26 հասցեում (նախագահի նստավայր) եւ քաղաքական որոշում է: «Մենք շատ արագ ապահովելու ենք Նիկոլ Փաշինյանի հաղթանակը հունվարի 10-ին կայանալիք ընտրություններում»,- ազդարարեց Մաթեւոսյանը:
Հիշեցնենք, որ 2008թ. հետընտրական իրադարձությունների ժամանակ զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ մեղադրվող Նիկոլ Փաշինյանը ընդդիմության կողմից որպես պատգամավորի թեկնածու է առաջադրվել Երեւանի թիվ 10 ընտրատարածքում, որտեղ ընտրություններն անց են կացվելու 2010թ. հունվարի 10-ին: Փաշինյանը դեռ կարող է գրանցվել որպես թեկնածու, քանի որ նրա նկատմամբ ուժի մեջ մտած դատական վճիռ չկա, սակայն դրա համար անհրաժեշտ է 5 տարվա մշտական բնակության տեղեկանք:




























