Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նոյեմբերի 3-ին մերժել է արեւելագետ Մուրադ Բոջոլյանի հայցը: Հիշեցնենք, որ Բոջոլյանը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման՝ Թուրքիայի օգտին լրտեսություն անելու մեղադրանքով, եւ արդեն շուրջ 8 տարի գտնվում է անազատության մեջ:

Բոջոլյանը անկախության տարիներին Հայաստանի առաջին քաղաքացին է, որ դատապարտվել է Հայրենիքի դավաճանության մեղադրանքով: Համաձայն մեղադրական եզրակացության՝ Բոջոլյանը հավաքագրվել է թուրքական հետախուզության կողմից, եւ գաղտնի տեղեկատվությունը, հատկապես Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ռազմական տեղեկությունները գումարային փոխհատուցման դիմաց հանձնել է թուրքական կողմին:

Բոջոլյանն իրեն մեղավոր չի ճանաչել եւ հայտարարել է, թե թուրքերի հետ աշխատել է որպես լրագրող եւ օգտագործել է տեղեկատվության միայն բաց աղբյուրները:

Նշենք, որ Բոջոլյանի հայցը ԵԴ էր ուղարկվել վեց տարի առաջ: Դատարանի կայացրած վճիռը բեկանման ենթակա չէ: