ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ տնօրեն Յանեշ Լենարչիչի վերջերս Հայաստան կատարած այցը բավական հետաքրքիր ստացվեց այն առումով, որ դա կարելի է եզակի դեպք համարել, երբ նման կազմակերպության ներկայացուցիչը չցանկացավ հանդիպել տեղական ընդդիմության ներկայացուցիչներին: Հարցին, թե որն էր պատճառը, որ Լենարչիչը հանդիպումներ չի ունեցել արտախորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչների հետ, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ՝ Վարշավայում գտնվող գրասենյակից հայտնեցին, որ դա մեկօրյա աշխատանքային այց էր: Լենարչիչը հանդիպումներ է ունեցել երկրի ԱԳՆ-ում, խորհրդարանում, արդարադատության նախարարությունում:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը տարօրինակ համարեց նման կարճատեւ այցը եւ դրա շրջանակներում «ժողովրդավարության արժեքների քննարկումը այդ արժեքները ոտնահարող իշխանության ներկայացուցիչների հետ»:
Նրա խոսքով, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ՝ 2008թ. փետրվարի 20-ի եւ 2008թ. մայիսի 31-ի զեկույցներում առկա արմատապես իրար հակասող գնահատականները հաշվի առնելով՝ տրամաբանական կլիներ, եթե նման խայտառակ ընտրություններից հետո, եւ չհաղթահարված քաղաքական ճգնաժամի պայմաններում, ժողովրդավարական կառույցի նման բարձրաստիճան ներկայացուցիչը հանդիպումներ անցկացներ նաեւ մյուս կողմի հետ: Կարապետյանի խոսքերով՝ տրամաբանական կլիներ բարձրացնել քաղաքական բանտարկյալների հարցը, որը եւս այդ խայտառակ ընտրությունների հետեւանք է: «Ցավում ենք, որ ժողովրդավարություն հաստատելու եւ այդ նորմերը պահպանելու կոչված կառույցի ղեկավարը լիարժեք չի վերաբերվել իր առաքելությանը»,- նկատեց Կարապետյանը:




























