«Նիկոլ Փաշինյանի հանրապետությունից բացակայելու մասին Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր Վարչության տեղեկությունը հավաստի օպերատիվ ինֆորմացիա է։ Օպերատիվ ինֆորմացիան, դա օպերատիվ ինֆորմացիա է, հստակ տեղեկությունը ես ոնց կարող եմ ասել»,- նոյեմբերի 20-ին տեղի ունեցած ասուլիսում «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագրի մասին ունեցած տեղեկության վերաբերյալ այս կերպ արտահայտնվեց Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Հովհաննես Թամամյանը։

Նա նշեց, որ տեղյակ չէ դատարանի նոյեմբերի 20-ի որոշման մասին, որով Իջեւանի անձնագրային բաժնին պարտադրվում է Փաշինյանին տրամադրել տեղեկանք՝ վերջին 5 տարիներին Հայաստանում բնակության վերաբերյալ:

«Դատարանի հետ ես ընդհանրապես չեմ էլ ուզում առընչվեմ։ Մենք ունենք օպերատիվ հավաստի տեղեկություններ, որ ինչպես Նիկոլ Փաշինյանը, ու նաեւ երկու այլ անձնավորություններ, լքել են Հայաստանը՝ առանց օրինական գրանցման, եւ հետո վերադարձի համար, երբ որ դիմել են այլ երկրներում դեսպանություն կամ հյուպատոսարան, նոր իմացել ենք, որ այդ մարդիկ լքել են Հայաստանը»,- ասաց Թամամյանը՝ ավելացնելով, որ եթե դատարանի որոշումը բողոքարկելու հարկ լինի՝ կբողոքարկեն։

Հիշեցնենք, որ Վարչական դատարանը այսօր բավարարել է «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի հայցը՝ Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության դեմ:

Դատարանը պարտադրել է Իջեւանի անձնագրային բաժնին` Փաշինյանին տրամադրել տեղեկանք վերջին 5 տարիներին Հայաստանում բնակության վերաբերյալ:

Նիկոլ Փաշինյանին, տեղեկանք չէին տրամադրում, հիմք ընդունելով քրեական հետախուզություն գլխավոր վարչության այն տեղեկությունը, որ Փաշինյանը հետախուզության ընթացքում լքել է Հայաստանը։