Նոյեմբերի 18-20-ը Ռուսաստանի Դաշնության տրանսպորտային գերատեսչության 200-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում Մոսկվայում կազմակերվել էին տրանսպորտի բնագավառի մի շարք բարձրաստիճան ղեկավարների հանդիպումներ, եւ այդ կապակցությամբ Ռուսաստանի մայրաքաղաքում է գտնվում ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը:
ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի մամուլի քարտուղար Սուսաննա Տոնոյանը NEWS.am-ին հայտնեց, որ նախարար Գ.Սարգսյանը մասնակցել է ԱՊՀ անդամ-պետությունների Տրանսպորտի համակարգող խորհրդակցության 29-րդ նիստին: Նիստի ընթացքում ԱՊՀ տրանսպորտի նախարարների կողմից քննարկվել են տարածաշրջանում տրանսպորտային բնագավառի ընդհանուր զարգացմանն ու համագործակցության խորացմանը նվիրված հարցեր: Մասնավորապես, քննարկված հարցերից է եղել 2010թ. հունիսից միջազգային փոխադրումներ իրականացնող ավտոմեքենաների վրա թվային տաքոգրաֆների տեղադրումը: Նիստի ընթացքում քննարկվել են նաեւ ԱՊՀ տարածքով անցնող միջազգային տրանսպորտային միջանցքների զարգացմանն ուղղված հարցեր:
ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է նաեւ Մոսկվայում տեղի ունեցած Ճանապարհային անվտանգության հարցերով համաշխարհային նախարարական համաժողովին: Նախարար Գ.Սարգսյանը աշխատանքային հանդիպումներ է ունեցել նաեւ ՌԴ տրանսպորտի նախարար Իգոր Լեւիտինի, «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ նախագահ Վլադիմիր Յակունինի, ինչպես նաեւ ԱՊՀ մի շարք երկների տրանսպորտի նախարարների հետ:
Նոյեմբերի 20-ին տրանսպորտի գերատեսչությունների բարձրաստիճան ղեկավարներին ընդունել է ՌԴ նախագահ Դ.Մեդվեդեւը:



























