Հայաստանի կառավարության շենքի առջեւ այսօր` հունվարի 26-ին բողոքողների մի խումբ «շրջափակեց» ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանին:

Դալմայի այգիների նախկին հողօգտագործողները դժգոհեցին, որ Երեւանի քաղաքապետի մոտ ընդունելության չեն արժանանում, եւ Վ. Սարգսյանին հիշեցրին նրա այն խոստումը, թե այդ դեպքում ինքը կընդունի: Հիշեցնենք, որ նախորդ տարվա դեկտեմբերին Վ. Սարգսյանը խոստացել էր թեյի  հրավիրել ցուցարարներին, սակայն նրանք կատակել էին, թե թեյի փոխարեն խաշ են ուզում:

Վ. Սարգսյանին իրենց բողոքները ներկայացրին նաեւ բանակում խաղաղ պայմաններում զոհված զինվորների ծնողները: Նրանք բողոքեցին զինվորական դատախազ Գեւորգ Կոստանյանից, եւ խնդրեցին միջնորդ լինել նրա մոտ ընդունելության համար` փաստաբանների ներկայությամբ: Ցուցարարները վստահ են, որ հանրապետության նախագահը հանձնարարական է իջեցրել Գ. Կոստանյանին, բայց նա 1 տարի է` ոչինչ չի ձեռնարկում: Երբ Վ. Սարգսյանն ասաց, թե Գ. Կոստանյանը նշանակել է հանդիպում, բայց զոհվածների ներկայացուցիչները չեն գնացել, նրանք հակադարձեցին, թե անպայման պետք է փաստաբաններ ներկա լինեն ու նախագահի ներկայացուցիչը: