Հայաստանում վերջին շրջանի քաղաքական զարգացումների մասին NEWS.am-ը զրուցել է քաղաքագետ Երվանդ Բոզոյանի հետ:

Պարոն Բոզոյան, վերջին շրջանում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ակնհայտորեն ակտիվացել է (hարցազրույց է տալիս ռուսական լրատվամիջոցներին, ամրացնում է կապերը «Եդինայա Ռոսիա» կուսակցության հետ, կրթաթոշակներ է բաժանում, «Խաչի ասպետ» տիտղոս է ստանում կաթողիկոսից): Ինչպե՞ս եք դա գնահատում եւ կարելի՞ է այն դիտարկել որպես արտահերթ խորհրդարանական ընտրությունների պատրաստություն:

Իմ տպավորությամբ, քանի որ ԲՀԿ-ն ունի բավականին մեծ խմբակցություն ԱԺ-ում, փորձում է ցույց տալ, որ իր քաղաքական ակտիվությունը բավական մեծ է եւ դրանով ի ցույց դնել իր քաղաքական կշիռ: Անցած քաղաքային ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցնելը նա փորձում է կապիտալիզացնել նրանով, որ ունի պատկառելի կշիռ քաղաքական դաշտում: Կարծում եմ դա ձեւ է իր ուժը ցույց տալու, ինչո՞ւ չէ, նաեւ պատրաստվում է ապագա ընտրություններին:

Իսկ այդ ընտրությունները հնարավո՞ր է արտահերթ լինեն:

Եթե որոշ մարդիկ խոսում են արտահերթ գործընթացների մասին, պետք է նաեւ հասկանալի լինի, թե ինչու պետք է այդ գործընթացները լինեն: Այսինքն նման զարգացումներ լինում են այն ժամանակ, երբ կա մեծ ճնշում իշխանությունների վրա, որն այս պահին չկա: Եթե ընդդիմությունն այս պահին թույլ է. ինչո՞ւ պետք է իշխանությունը գնա արտահերթ գործընթացների, ես այդ պատճառը չեմ տեսնում: Ես այդ հարցում մի փոքր հոռետես եմ:

Արդյո՞ք Գ. Ծառուկյանի ակտիվությունը պայմանավորված չէ նրանով, որ նրա ու Սերժ Սարգսյանի միջեւ լուրջ խնդիրներ են առաջ եկել եւ Ծառուկյանն իր այս քայլերով փորձում է պաշտպանվել կամ ամրացնել իր դիրքերը:

Ես չեմ բացառում այդ սցենարը, որովհետեւ հատկապես վերջին շրջանում, փաքնված հակամարտություն է նկատվում ԲՀԿ-ի ու կառավարության միջեւ: Երկրի վարչապետը հայտարարում է թե խոշոր բիզնեսը պետք է բերել հարկային դաշտ, մյուս կողմից ԲՀԿ-ն հայտարարում է, որ փոքր ու միջին բիզնեսը վատ վիճակում է եւ կառավարությունը վատ օրենքներ է ներկայացնում ԱԺ: Այդ թաքնված հակամարտությունը կառավարության ու Ազգային ժողովի, մասնավորապես ԲՀԿ-ի միջեւ, կարող է ինչ որ պահի նյարդայնացնել նաեւ Սերժ Սարգսյանին:

Իսկ ինչո՞վ եք բացատրում, որ քաղաքապետարանում հակասություն առաջ եկավ ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի միջեւ, եւ բանը հասավ նրան, որ ԲՀԿ-ականները հայտարարեցին, թե հնարավոր է վայր դնեն մանդատները:

Ես կարծում եմ, որ դա ԲՀԿ-կառավարություն թաքնված հկամարտության շարունակությունն է, որը սահուն տեղափոխվում է արդեն ՀՀԿ-ԲՀԿ հարթություն: իհարկե, այսօր ոչ ոք չի ուզում հրապարակավ շեշտել այդ հակասությունների առկայության մասին, սակայն քաղաքապետարանում տեղի ունեցած գործընթացները եւս ապացույց են այն բանի, որ լուրջ խնդիրներ կան եւ Հանրապետականը ուզում է իր ձեռքում կենտրոնացնել բոլոր լծակները, եւ հասնել նրան, որ ապագա խորհրդարանական ընտրություններն ընթանան այնպես, որ ՀՀԿ-ի դեմ որեւէ խաղ չլինի որեւէ մեկի կողմից:

Գուցե Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից Սերժ Սարգսյանին ուղղված համագործակցության վերջին առաջարկից հետո Սերժ Սարգսյանին այլեւս ԲՀԿ-ն պետք չի ու դրանով է պայմանավորված, որ ԲՀԿ-ից փորձում են ազատվել, հատկապես, որ ԲՀԿ-ն ընկալվում է որպես քոչրյանական կուսակցություն:

Նախ նշեմ, որ այնպես չի, որ Լ. Տեր-Պետրոսյանն առաջարկ է անում ու Սերժ Սարգսյանը միանգամից այդ առաջարկն ընդունում է եւ հրաժարվում ԲՀԿ-ից: Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջարկը ապացուցում է այն հանգամանքը, որ այս պահին ընդդիմությունը բավականին թույլ վիճակում է: Ընդդիմության լիդերը չի հավատում, որ կլինեն արտահերթ գործընթացներ եւ նա փորձում է երկարաժամկետ գործընթացի մեջ պահպանել իր թիմը: Գնահատելով այդ թուլությունը Սերժ Սարգսյանն էլ ավելի է ամրապնդում իր դիրքերը եւ հավաձայն եմ, որ այդ իմաստով, ԲՀԿ-ի գործունեությունից կախվածությունը փոքրանում է: Դա հաշվի առնելով, շատ տրամաբանական ու բնական է, որ Սերժ Սարգսյանը կցանկանա ավելի դոմինանտ դեր կատարել իշխանական համակարգում: