Անիի համայնքապետարանը մեկնաբանել է Սոֆիայի օդանավակայանում տեղի ունեցած աղմկահարույց միջադեպը։

Պարզաբանման մեջ նշվում է. «Անիի համայնքապետարանը տեղեկացնում է, որ մամուլում շրջանառվող լուրերն այն մասին, թե հոկտեմբերի 1-4-ը Անի համայնքի պատվիրակության՝ Բուլղարիա կատարած այցի ժամանակ Սոֆիայի «Վասիլ Լևսկի» օդանավակայանում տեղի է ունեցել աղմկահարույց դիվանագիտական սկանդալ, չի համապատասխանում իրականությանը։ Ընդ որում, տեղի լրատվամիջոցները հղում են կատարել  բուլղարական լրատվամիջոցներին։

Անիի համայնքապետարանը պարզաբանում է, որ սույն թվականի հոկտեմբերի 1-ին Բուլղարիա ժամանած հայկական պատվիրակությունը՝ Անի համայնքի ղեկավար  Արման Սարիբեկյանի գլխավորությամբ, օդանավակայանի անցակետում կատարված միջադեպը որակում է թյուրիմացություն։

Կատարվածի մասին տեղյակ է Բուլղարիայում ՀՀ դեսպանությունը։ Դիվանագիտական կառույցը կդրսևորի հետևողականություն և դեպքին կտա համապատասխան գնահատական։

Նշենք, որ տեղի ունեցած միջադեպից հետո անեցի պատվիրակներին օդանավակայանում դիմավորել է Նովի պազարի փոխքաղաքապետը և այլ պաշտոնատար անձինք։ Այնուհետև  Նովի պազարի քաղաքապետ Գեորգի Գեորգիևի հրավերով Բուլղարիա մեկնած Անիի պատվիրակությունը, ի դեմս համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանի, արժանացել է ջերմ ընդունելության։ Չորսօրյա պաշտոնական այցը անցել է ջերմ ու անմիջական մթնոլորտում, հագեցած ու տպավորիչ օրակարգով։ Այդ մասին են վկայում մեր նախորդ հրապարակումները»։

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ Սոֆիայի «Վասիլ Լևսկի» օդանավակայանում տեղի է ունեցել աղմկահարույց դիվանագիտական սկանդալ, հաղորդում է բուլղարական Blitz-ը։

Հոկտեմբերի 1-ին Բուլղարիա ժամանած հայկական պատվիրակությունը՝ Անի քաղաքի քաղաքապետ Արման Սարիբեկյանի գլխավորությամբ, ենթարկվել է նվաստացուցիչ զննության։ Ըստ հաղորդումների, նրանց ստիպել են ամբողջությամբ մերկանալ, հարցաքննել են և մի քանի ժամ պահել ծառայողական տարածքներում։

Սկանդալ Բուլղարիայի օդանավակայանում․ հայկական պատվիրակությանը ենթարկել են նվաստացուցիչ զննության