Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ընդունել է պատատասխան պաշտոնական այցելությամբ Երեւանում գտնվող Լիտվայի ԱԳ նախարար Վիգաուդաս Ուշացկասին: Հիշեցնենք, որ Է. Նալբանդյանը Վիլնյուս էր այցելել 2008 թ. նոյեմբերին: Նախարարների վերջին հանդիպումը տեղի է ունեցել ս.թ. մայիսին Մադրիդում ԵԽ նախարարների կոմիտեի նստաշրջանի շրջանականերում:
Ողջունելով հյուրին` Է. Նալբանդյանն ընդգծել է, որ Հայաստանի եւ Լիտվայի միջեւ հաստատվել են բարեկամական հարաբերություններ, բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն, արդյունավետ համագործակցություն միջազգային կազմակերպություններում, Եվրոպական հարեւանության քաղաքականության եւ ԵՄ Արեւելյան գործընկերության ծրագրի շրջանակներում, ձեւավորվել է լայն իրավապայմանագրային դաշտ: Էդվարդ Նալբանդյանը գոհունակություն հայտնեց անցյալ տարի Երեւանում Լիտվայի դեսպանության բացման կապակցությամբ:
Նախարար Ուշացկասն իր հերթին դրական է գնահատել Լիտվայի եւ Հայաստանի ջերմ ու բարեկամական հարաբերությունները`նշելով, որ երկու երկրները համատեղ պատմություն ունեն` խարսխված գործընկերության եւ փոխվստահության վրա: Լիտվայի արտգործնախարարն ընդգծեց բազմաթիվ ոլորտներում փորձի փոխանակման հնարավորությունը եւ փոխշահավետ հարաբերությունների խորացման անհրաժեշտությունը:
Զրուցակիցները հանգամանալից անդրադարձել են Հայաստանի եւ Լիտվայի միջեւ քաղաքական, տնտեսական, մշակութային, կրթական եւ գիտական համագործակցության զարգացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերին: Նրանք մտքեր են փոխանակել նաեւ տարածաշրջանային եւ միջազգային մի շարք հարցերի շուրջ: 2011թ. ԵԱՀԿ-ում լիտվական նախագահության ենթատեքստում անդրադարձ է արվել ԵԱՀԿ օրակարգային հարցերին:
Նախարարներ Նալբանդյանը եւ Ուշացկասը քննարկել են նաեւ արցախյան հիմնախնդրի հանգուցալուծման գործընթացը: Վիգաուդաս Ուշացկասը ողջունել է եւ Լիտվայի աջակցությունը հայտնել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին:




























