Այսօր Ուկրաինայի Յալթա քաղաքի «Լիվադիա» պալատում գումարվել է ԱՊՀ անդամ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը, որին մասնակցել է նաեւ ՀՀ պատվիրակությունը` վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ: Ձեւավորված ավանդույթի համաձայն` ԱՊՀ կառավարական պատվիրակությունների ղեկավարներին ընդունել է հյուրընկալ երկրի կառավարության ղեկավարը` Ուկրաինայի վարչապետ Յուլյա Տիմոշենկոն: Դիմավորման արարողությունից հետո տեղի է ունեցել կառավարությունների ղեկավարների խորհրդի նեղ կազմով հանդիպում, որը շարունակվել է ընդլայնված կազմով` «1+5» ձեւաչափով:

Կառավարությունների ղեկավարները մեկօրյա հանդիպման շրջանակներում քննարկել են համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամից դուրս գալու եւ դրա բացասական հետեւանքների հաղթահարման ուղղությամբ ԱՊՀ երկրների կողմից համատեղ միջոցառումների ձեռնարկման մասին որոշման նախագիծը: 2009-2010 թվականներին համաշխարհային ճգնաժամի ազդեցության մեղմացման ուղղությամբ նախատեսված համատեղ միջոցառումների ծրագիրը պարունակում է մեխանիզմներ, որոնք ուղղված են փոխադարձ առեւտրում արգելքների հաղթահարմանը եւ անդամ-երկրների ներքին շուկաների պաշտպանության գործում ուժերի կոորդինացմանը:

Կառավարությունների ղեկավարները քննարկել են նաեւ «Ազգային էլեկտրաէներգետիկ համակարգերի էլեկտրահաղորդման միջպետական ուղիների շահագործման ոլորտում համագործակցության» եւ «ԱՊՀ մասնակից պետությունների տարածքով անցնող միջազգային տրանսպորտային միջանցքների համաձայնեցված զարգացման» վերաբերյալ համաձայնագրերը: Վերջինիս մշակման կարեւորությունը բխում է միջազգային տրանսորտային միջանցքների շահագործման արդյունավետության բարձրացման հարցում համաձայնեցված քաղաքականության անհրաժեշտությունից:

Նիստում կայացվել է ԱՊՀ երկրներում պատերազմի վետերանների, լոկալ հակամարտությունների եւ խաղաղարար առաքելություններին մասնակցած անձանց կյանքի որակի բարելավման 2006-2010 թվականների ծրագրի հաջորդ տարվա ֆինանսավորման վերաբերյալ որոշում: Ուշադրության են արժանացել անդամ-պետությունների կողմից տարվող միգրացիոն քաղաքականության, ավիացիոն միջադեպերի քննության, հակաօդային պաշտպանության, հարկային (ֆինանսական) հետաքննությունների գծով փոխգործակցության հարցերը: Որոշվել է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի հաջորդ նիստն անցկացնել Մոսկվայում 2010 թվականի մայիսի 21-ին:

Հյուրերը մասնակցել են Ուկրաինայի վարչապետի անունից տրվող պաշտոնական ճաշին եւ ընդունելությանը` ի պատիվ ԱՊՀ անդամ-պետությունների կառավարությունների ղեկավարների:

Այսօր երեկոյան ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը կվերադառնա Երեւան: