Թուրքիայում լայնածավալ հետաքննություն է սկսվել, որի շրջանակներում տասնյակ հայտնիներ՝ երգիչներ, դերասաններ և բլոգերներ, հետաքննության տակ են «թմրամիջոցների կամ խթանիչների անօրինական օգտագործման» մեղադրանքով: Հետաքննությունը ղեկավարում է Ստամբուլի դատախազությունը, իսկ չորեքշաբթի առավոտյան ժանդարմերիան մի շարք խուզարկություններ և ձերբակալություններ է իրականացրել, հաղորդում է թուրքական Diken լրատվամիջոցը:
Գործով անցնողների թվում են հայտնի դերասաններ Մերթ Յազըչըօղլուն և Բիրջե Աքալայը, ինչպես նաև երգչուհիներ Իրեմ Դերիջին, Հադիսեն, Զինեթ Սալին և Դեմեթ Եվգարը, հայտնի բլոգերներ Դիլանն ու Էնգին Փոլաթը, ինչպես նաև ինֆլյուենսեր Դույգու Օյասլան Մութաֆը։ Նրանցից բացի, ցուցակում են հայտնվել դերասաններ Քուբիլայ Աքան, Քաան Յըլդըրըմը, Բերրաք Թյուզյունաթաչը, Օզգե Օզփիրինչջին, Զեյնեփ Մերիչ Արալ Քեսքինը, Մեթին Աքդյուլգերը և Դերեն Թալուն, ինչպես նաև փաստաբան և ակտիվիստ Ֆեյզա Ալթունը։
Ըստ Diken-ի՝ հետաքննությանը ներգրավված է ընդհանուր առմամբ տասնինը մարդ։ Նրանցից տասներկուսն արդեն տարվել են Ստամբուլի ժանդարմերիայի գլխավոր վարչություն՝ ցուցմունքներ տալու և արյան նմուշներ վերցնելու համար։
Պաշտոնական ձերբակալման օրդերներ դեռևս չեն տրվել։ Ակնկալվում է, որ ձերբակալվածների մեծ մասը ազատ կարձակվի անհրաժեշտ ընթացակարգերի ավարտից հետո։
Տեղական լրատվամիջոցները նշում են, որ գործողությունը մեծ իրարանցում է առաջացրել թուրքական հասարակությունում. նրանցից շատերը մեդիա գործիչներ են, որոնք հաճախ են հայտնվում հեռուստատեսությամբ և սոցիալական ցանցերում: Այնուամենայնիվ, իշխանությունները շեշտում են, որ հետաքննությունը վերաբերում է միայն թմրանյութերի օգտագործմանը, այլ ոչ թե տարածմանը:
Լրագրողները նշում են, որ հայտնիների ստուգումները վերջին ամիսներին Թուրքիայում իրականացվող թմրանյութերի դեմ պայքարի ավելի լայն արշավի մի մասն են կազմում։





























