Հերդեկեի քաղաքապետ Իրիս Շտալցերի (Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն) վրա հարձակումը, հավանաբար, կատարել է նրա 17-ամյա որդեգրված դուստրը։ Քաղաքապետը համապատասխան կարգադրություններ է արել դրա վերաբերյալ, գրել է Bild-ը՝ հղում անելով ոստիկանությանը։
Երեքշաբթի WDR հեռարձակողը հաղորդել է, որ Շտալցերը հարձակման է ենթարկվել և դանակահարվել։ Շտալցերը Հերդեկեի քաղաքապետ է ընտրվել սեպտեմբերի 28-ին։ Ներկա պահին նրա կյանքին ոչինչ չի սպառնում: Քաղաքապետն ապաքինվում է։
Ավելի վաղ, ըստ Bild-ի, իրավապահ մարմինները նրա 15-ամյա որդեգրված որդու սենյակում հայտնաբերել են խոհանոցային դանակ և մեկ այլ դանակ, որը, հավանաբար, օգտագործվել է Շտալցերի վրա հարձակման ժամանակ։ Ավելին, նրա ուսապարկում, ենթադրաբար, հայտնաբերվել են արյան թարմ հետքեր և արյունոտ հագուստ։ Թերթը հաղորդում է, որ հագուստը, ենթադրաբար, պատկանել է քաղաքական գործչի 17-ամյա որդեգրված դստերը։
Դատաբժշկական փորձագետները, ինչպես ընդգծում է Bild-ը, պարզել են, որ արյան խոշոր հետքերը, ըստ երևույթին, հեռացվել են շտապօգնության կանչից առաջ։ Սակայն դատաբժշկական փորձաքննության ժամանակ դրանք կրկին հայտնվել են։ Bild-ի տվյալներով՝ Ստալցերը ստացել է ընդհանուր առմամբ դանակի 13 հարված և գլխի ծանր վնասվածքներ՝ բութ առարկայով հարվածներից։
Ըստ Bild-ի՝ հարձակումը տեղի է ունեցել քաղաքական գործչի տանը։ Հանցագործության պահին ներկա են եղել նաև նրա որդեգրած որդին և դուստրը։ Անցյալ ամռանը, ինչպես բացատրում է թերթը, մոր ու դստեր միջև արդեն իսկ վեճ է եղել։ Նշվել են ընտանեկան բռնության և դանակի օգտագործման դեպքեր։ Որդու հետ ևս բազմիցս լարված հարաբերություններ են եղել, եզրափակում է Bild-ը:
Դատախազությունն այժմ հանցագործությունը որակում է ոչ թե որպես սպանության փորձ, այլ՝ որպես ծանր մարմնական վնասվածք։ Այդ պատճառով ձերբակալման հրամանագիր չի պահանջվել։ Որդեգրված երեխաները, ինչպես սպասվում է, օրվա ընթացքում կազատվեն կալանքից և կտեղափոխվեն Երիտասարդության գծով ծառայությունների վարչություն։





























