Հոկտեմբերի 13-ի գիշերը ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Թեոդոսիայի նավթամբարի վրա, հայտնել է բռնակցված Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը։

Հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել, սակայն զոհեր չեն եղել: Նահանգապետի խոսքով՝ ՀՕՊ ուժերը ավելի քան 20 անօդաչու թռչող սարք են խոցել:

Ուկրաինական Supernova + Telegram ալիքը հրապարակել է Թեոդոսիայում բռնկված հրդեհի տեսանյութը:

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը զեկուցել է, որ գիշերվա ընթացքում ՀՕՊ ուժերը ոչնչացրել են 103 ուկրաինական անօդաչու թռչող սարք, այդ թվում՝ 40-ը՝ Ղրիմի տարածքի վրա։ Եվս 26 անօդաչու խոցվել է Աստրախանի մարզի վրա, 19-ը՝ Սև ծովի ջրային տարածքում, 14-ը՝ Դոնի Ռոստովի մարզի վրա, երկուսը՝ Ազովի ծովի ջրային տարածքում և մեկական՝ Բելգորոդի մարզի և Կալմիկիայի Հանրապետության վրա։

Ռոստովի մարզում Բելայա Կալիտվայի երկու բնակիչ վիրավորվել են մասնավոր տան վրա անօդաչու թռչող սարքի ընկնելու հետևանքով, հայտնել է նահանգապետ Յուրի Սլյուսարը։ Նա ասել է, որ անօդաչու թռչող սարքը կեսգիշերի մոտ ընկել է տան վրա՝ ոչնչացրել տանիքը և հրդեհ առաջացրել։ Զոհերը ստացել են բեկորային վնասվածքներ։