Երեքշաբթի երեկոյան Էկվադորի Գուայակիլ նավահանգստային քաղաքի մարդաշատ առևտրի փողոցում բեռնատար է պայթել, որի հետևանքով մեկ մարդ զոհվել է, երկուսը՝ վիրավորվել, հաղորդում է Associated Press-ը։

Նահանգապետը դա դիտավորյալ հարձակում է անվանել։

Գուայակիլի հրշեջ ծառայության մայոր Խորխե Մոնտաներոն տեղական Ecuavisa հեռուստաընկերությանը հայտնել է, որ մահացածը մոտակայքում գտնվող տաքսու վարորդ է եղել։ Նա հավելել է, որ ոստիկանությունը նաև ստուգում է տարածքում գտնվող բոլոր մեքենաները։

«Մենք նախազգուշական միջոցներով տարհանում ենք բոլոր շենքերը», - ասել է Մոնտաներոն։

Հարցին, թե արդյոք դա կարող էր ականապատված մեքենա լինել, նա պատասխանել է, որ պետք է սպասել, մինչև ոստիկանությունը հետաքննություն իրականացնի։

Գուայակիլի ոստիկանության պետ Ֆրանսիսկո Սումառագան հայտարարել է, որ ոստիկանությունը «նոր սպառնալիք» է հայտնաբերել, և որ կիրականացվի վերահսկվող պայթյուն։ Նա ասել է, որ իրենք կգտնեն մեղավորներին։

Գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ հետաքննություն է սկսել, հարցաքննում է վկաներին և ուսումնասիրում տեսահսկման տեսագրությունները։

2023 թվականին Էկվադորում մի շարք մեքենաների պայթյուններ են տեղի ունեցել, որոնք պայմանավորված են եղել նախագահի թեկնածուի սպանությունից հետո մի քանի շաբաթվա ընթացքում եղած բռնության աճով։