Երջանկությունն իսկապես կարող է երկարացնել կյանքը, բայց միայն որոշակի մակարդակից հետո։ Նման եզրակացության են հանգել Ռումինիայից գիտնականները։ Նրանց տվյալներով՝ սուբյեկտիվ բարեկեցության զգացողությունը սկսում է դրականորեն անդրադառնալ առողջության վրա, երբ մարդը Life Ladder երջանկության սանդղակով հասնում է առնվազն 2,7 միավորի։ Հետազոտությունը հրապարակվել է Frontiers in Medicine գիտական հանդեսում։

«Մենք ցույց տվեցինք, որ սուբյեկտիվ բարեկեցությունը սկսում է գործել որպես հանրային առողջության գործոն միայն 2,7 միավորի շեմը հատելուց հետո,- նշել է հետազոտության ղեկավար պրոֆեսոր Յուլիա Յուգան։ -Դրանից հետո երջանկության յուրաքանչյուր լրացուցիչ 1%-ը կապված է ոչ վարակիչ հիվանդություններից մահացության մոտավորապես 0,43%-ով նվազման հետ»։

Նման հիվանդությունների թվում են սրտանոթային հիվանդությունները, քաղցկեղը, ասթման և շաքարախտը. դրանք մնում են համավարակների հետ առնչություն չունեցող մահվան հիմնական պատճառն աշխարհում։

Life Ladder սանդղակը չափում է սուբյեկտիվ երջանկությունը 0-10 միավորով, որտեղ 0-ն ներկայացնում է «հնարավոր ամենավատ կյանքը», իսկ 10-ը՝ «հնարավոր լավագույն կյանքը»։ 123 երկրների, որոնք ընդգրկվել են հետազոտության մեջ, միջին միավորը կազմել է 5,45  միավոր, նվազագույնը՝ 2,18 միավոր, իսկ առավելագույնը՝ 7,97 միավոր։

«2,7 արժեքն ավելի մոտ է ստորին սահմանին՝ «հազիվ հաղթահարելի» մակարդակին։ Սակայն նույնիսկ այդ մակարդակից բարձր երջանկության աճը սկսում է անդրադառնալ առողջության վրա»,- պարզաբանել է Յուգան։

Երկրները, որտեղ մարդիկ իրենց կյանքը վերոնշյալ շեմից բարձր են գնահատում, որպես կանոն աչքի են ընկնում առողջապահական նպատակներով ավելի բարձր ծախսերով, ունեն ավելի կայուն սոցիալական ինստիտուտներ և անհավասարության ավելի ցածր մակարդակ։ Հետազոտողները նշում են, որ այնպիսի գործոններ, ինչպիսիք են օդի որակը, ճարպակալման կանխարգելումը և ալկոհոլի սահմանափակումը, անմիջականորեն նպաստում են երջանկության աճին և, հետևաբար, մահացության ցածր մակարդակին։

Գիտնականներն ընդգծում են, որ երջանկությունը կարելի է դիտարկել ոչ միայն որպես անձնական զգացողություն, այլև որպես հանրային առողջապահության չափելի ռեսուրս։

«Բարեկեցության շեմի սահմանումը կօգնի ավելի ճշգրիտ առողջապահական և սոցիալական քաղաքականության ռազմավարություններ մշակել,- ընդգծում է պրոֆեսոր Յուգան։ -Երջանկությունն ավելին է, քան սոսկ հույզ։ Երջանկությունը գործիք է, որի օգնությամբ հասարակությունը կարող է ավելի առողջ դառնալ»։