«Ադրբեջանական դիվանագիտության վայրիվերումներին լուրջ չեմ վերաբերում, քանի որ, դեռեւս ղարաբաղյան պատերազմի տարիներից, լավ գիտենք այդ երկրի բանակի ոգու մասին»,- NEWS.am-ի թղթակցի հետ ունեցած զրույցում նման տեսակետ հայտնեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ խոսելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի՝ նոյեմբերի 22-ին Մյունխենում կայանալիք հանդիպման մասին։

Հիշեցնենք, որ երկու նախագահների մյունխենյան հանդիպման նախօրեին Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ եթե այս հանդիպումն էլ անարդյունք լինի, իրենք կարող են գնալ ռազմական լուծման, քանի որ այլեւս համբերել չեն կարող: Այս առնչությամբ Ն. Զոհրաբյանն ասաց. «Սուր ճոճելուց առաջ Ադրբեջանի նախագահը լավ կաներ հաշվի առներ իր բանակի ոգին եւ կշռադատեր ինչ-ինչ լսարանի եւ սպառման համար նախատեսված իր հայտարարությունները: նա պետք է հասկանա մի պարզ ճշմարտություն. խաղաղությունը շուկայում վաճառվող ապրանք չէ, որի կարիքը Հայաստանն Ադրբեջանից ավելի ունի»: Պատգամավորի խոսքով, մենք պատերազմ չենք ուզում, բայցեւ անհրաժեշտության դեպքում պատրաստ ենք գնալ դրան։

Հարցին, թե Ի. Ալիեւի նման ագրեսիվ հայտարարությունից հետո արդյո՞ք անիմաստ չի դառնում Մյունխենյան հանդիպումն ընդհանրապես, ԲՀԿ-ական պատգամավորը պատասխանեց. «Այդ հանդիպմանը գնալով Սերժ Սարգսյանը կապացուցի միջազգային հանրությանը, այդ թվում նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, որ իր ադրբեջանցի գործընկերոջ՝ նույնիսկ այդ կարգի ռազմատենչ հայտարարություններից հետո պատրաստ է նստել բանակցային սեղանի շուրջ եւ խաղաղ բանակցային գործընթաց վարել»:

«Կարծում եմ՝ երկու երկրների նախագահների մյունխենյան հանդիպումը բեկում չի մտցնի ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի մեջ, եթե, իհարկե, ադրբեջանական կողմի՝ ժամը մեկ փոխվող տրամադրությունները չփոխվեն այս անգամ եւս: Իսկ ադրբեջանական կողմի կառուցողական դիրքորոշում ցուցաբերելու դեպքում, հնարավոր է, դրական տեղաշարժ, այնուամենայնիվ, լինի»,- եզրափակեց Ն. Զոհրաբյանը: