ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանի կարգադրությամբ աշխատանքից ազատված Գոհար Պողոսյանը «Ժողովուրդին» տված հարցազրույցում պատմել է.

«Ես ամանօրյա տոներից հետո 3 օր` հունվարի 9-11-ը, բացակայել եմ աշխատանքից: Գտնվել եմ արտերկրում: Նախատեսված էր, որ Երեւան պետք է վերադառնամ հունվարի 8-ին, որպեսզի արդեն ամսի 9-ից հաճախեմ աշխատանքի: Սակայն արտասահմանում հիվանդացա: Երեւան եմ վերադարձել ամսի 11-ի առավոտյան: Նույն օրը, ինչպես նաեւ հաջորդ օրը ներկայացել եմ պոլիկլինիկա, բժիշկը նայել եւ անաշխատունակության թերթիկ է տվել: Ես չգիտեմ` ՀՀ որ օրենքով է արգելված արտերկրում հիվանդանալը:

Ես 20 տարի ծառայել եմ իմ երկրին, իմ պետությանը: Ես պետական ծառայող եմ եւ 20 տարի ծառայել եմ պետությանը եւ երբեք ԱԺ որեւէ նախագահի հետ որեւէ խնդիր չեմ ունեցել:

Ես փորձեր կատարել եմ ԱԺ նախագահի հետ հանդիպելու համար, բայց նա ցանկություն չի ունեցել հանդիպելու:

Ինձ առաջարկվել էր առանց բացատրության դիմում գրել աշխատանքից դուրս գալու, բայց ես հրաժարվել եմ:

Ես պաշտպանելու եմ իմ իրավունքները, քանի որ խախտվել են իմ իրավունքները` թե որպես մարդ, թե որպես պետծառայող: Նախ կխորհրդակցեմ իմ իրավաբանների հետ, որից հետո արդեն կոնկրետ քայլերի կդիմեմ»,- ասել է Գոհար Պողոսյանը: