Ղազախստանի ոստիկանության աշխատակիցները մեկուկես ամսվա ընթացքում, նոր օրենքի ուժի մեջ մտնելուց հետո, 15 մարդու են ձերբակալել՝ հարսնացուի առևանգման համար։ Նոր օրենքը Քրեական օրենսգրքում առանձին հոդված է ներմուծել ամուսնության հարկադրման համար պատժի մասին։ Այս մասին հայտնել են հանրապետության ՆԳՆ մեդիա կենտրոնից։

Գերատեսչության տվյալներով՝ «նոր փոփոխությունների ուժի մեջ մտնելու պահից հետո ներքին գործերի մարմինների ստորաբաժանումները յոթ քրեական գործ են հարուցել Ղարաղանդայի, Մանգիստաուի, Ժամբիլի, Թուրքեստանի մարզերում և Շիմքենտ քաղաքում ամուսնության հարկադրման դեպքերի առթիվ»։

Բացի այդ, ոստիկանությունը հրապարակել է տեսահսկման տեսախցիկների տեսանյութեր՝ փողոցներում կանանց առևանգման դեպքերով։ Գերատեսչությունից կոչ են արել ականատեսներին չանտեսել նման իրավիճակները, այլ անհապաղ հայտնել դրանց մասին ոստիկանություն։

Քրեական օրենսգրքում փոփոխություններով օրենքը, որը նախատեսում է քրեական պատասխանատվություն սահմանել ամուսնության կամ համատեղ բնակության հարկադրման համար, Ղազախստանում ուժի մեջ է մտել սեպտեմբերի 16-ից։ Մեղավորներին կարող է սպառնալ մինչև 10 տարվա ազատազրկում, ընդ որում, կնոջ կամավոր ազատ արձակումն այլևս հիմք չէ առևանգողների նկատմամբ քրեական գործի դադարեցման համար։ 2024 թվականին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը նշել էր, որ իբր ազգային ավանդույթներով պատճառաբանվելն ու հարսնացուներ առևանգելը «բացահայտ խավարամտություն» է, որն անհամատեղելի է ժամանակակից հասարակության հետ։