Թբիլիսիի քաղաքային դատարանն այսօր ազատ է արձակել Մեծ Բրիտանիայի 19-ամյա քաղաքացի Բելա Մեյ Քալիին, որին ցմահ ազատազրկում էր սպառնում Վրաստան մեծ քանակությամբ թմրանյութերի ներկրման համար, հաղորդում է Новости-Грузия-ն։

Ութ ամսական հղի Քալիի ազատ արձակումը հնարավոր դարձավ, երբ նրա ընտանիքը համաձայնեց մեղքի ճանաչման գործարքի և Վրաստանին վճարեց կես միլիոն լարիի (մոտավորապես 140,000 ֆունտ ստեռլինգ) տուգանք։

Ըստ լրատվամիջոցների՝ ընտանիքը չի կարողացել հավաքել պահանջվող առավելագույն գումարը, և մինչև վերջին պահը ենթադրվում էր, որ կինը երկու տարի բանտում կմնա։

Սակայն դատարանն, ի վերջո, նրան դատապարտեց հինգ ամիս և 24 օր ազատազրկման. այս ժամանակը հաշվարկվեց որպես արդեն պատիժը կրած ժամանակ, և Բելլա Մեյ Քալին ազատ արձակվեց հենց դատարանի դահլիճում։

Նա Թբիլիսի է ժամանել այս տարվա մայիսին Շարժայի (ԱՄԷ) չվերթով։ Ուղեբեռի խուզարկության ժամանակ նրա ձեռքի պայուսակում հայտնաբերվել է 12 կիլոգրամ մարիխուանա և 2 կիլոգրամ հաշիշ։ Քելին ամբողջությամբ ընդունել է իր մեղքը։ Նա պնդում է, որ թմրանյութերի մաքսանենգությանը համաձայնել է խոշտանգումների տակ՝ գարնանը Թաիլանդում հանցավոր խմբավորման ձեռքն ընկնելուց հետո։