Հռոմի պապ Լևոն XIV-ը կոչ արեց Միացյալ Նահանգներին «խորը մտածել» ձերբակալված միգրանտների նկատմամբ վերաբերմունքի մասին՝ ասելով, որ «շատ մարդիկ, ովքեր տարիներ շարունակ ապրել են առանց երբևէ խնդիրներ առաջացնելու, խորապես տուժել են այն ամենից, ինչ տեղի է ունենում հիմա», հաղորդում է Associated Press-ը։

Չիկագոյում ծնված Հռոմի պապը երեքշաբթի օրը Կաստել Գանդոլֆոյի պապական նստավայրի դիմաց պատասխանել է լրագրողների մի շարք աշխարհաքաղաքական հարցերի, այդ թվում՝ թե ինչ հոգևոր իրավունքներ պետք է ունենան ԱՄՆ-ի կալանքի տակ գտնվող անձինք,  Վենեսուելայում թմրանյութերի ապօրինի շրջանառության մեջ կասկածվողների վրա ԱՄՆ զինված ուժերի հարձակումները և Մերձավոր Արևելքում տիրող փխրուն հրադադարը։

Լևոնը շեշտել է, որ Սուրբ Գիրքն ուշադրություն է հրավիրում այն հարցի վրա, որը տրվելու է աշխարհի վերջում. «Ինչպե՞ս եք ընդունել օտարականին, ընդունե՞լ եք նրան և ջերմությա՞մբ եք ընդունել, թե՞ ոչ։ Կարծում եմ, որ անհրաժեշտ է խորը մտածել այն ամենի մասին, ինչ տեղի է ունենում»։

Նա ասել է, որ «պետք է հաշվի առնել նաև այն մարդկանց հոգևոր իրավունքները, ովքեր ձերբակալվել են» և կոչ է արել իշխանություններին հոգևորականներին մուտքի հնարավորություն տալ դեպի ձերբակալված միգրանտները։

Պատասխանելով Վենեսուելայի ափերի մոտ թմրանյութերի առևտրի մեջ կասկածվողների վրա մահացու հարձակումների մասին հարցին՝ Պապն ասել է, որ ռազմական գործողությունները «ուժեղացնում են լարվածությունը»՝ նշելով, որ դրանք ավելի ու ավելի են մոտենում սահմանագծին։

«Գլխավորը երկխոսության ձգտելն է»,- ասել է Պապը։

Ինչ վերաբերում է Մերձավոր Արևելքին, ապա Լևոնը խոստովանել է, որ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև խաղաղության համաձայնագրի առաջին փուլը մնում է «չափազանց փխրուն», և ասել է, որ կողմերը պետք է առաջընթացի ուղի գտնեն ապագա կառավարման համար «և մտածեն թե ինչպես կարելի է երաշխավորել բոլոր ժողովուրդների իրավունքները»։ Պատասխանելով Հորդանան գետի Արևմտյան ափին իսրայելցի վերաբնակիչների կողմից պաղեստինցիների վրա հարձակումների մասին հարցին՝ Հռոմի Պապը բնակավայրերի խնդիրը «բարդ» է անվանել։

«Իսրայելը երբեմն մի բան է ասում, իսկ հետո լրիվ այլ բան է անում։ Մենք պետք է ջանանք միասին աշխատել բոլոր ժողովուրդների համար արդարության անունից»,- ասել է նա։

Հռոմի Պապ Լևոնը հինգշաբթի օրը Վատիկանում կընդունի Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասին։ Նոյեմբերի վերջին նա որպես Հռոմի Պապ իր առաջին ուղևորությունը կիրականացնի դեպի Թուրքիա և Լիբանան։