Հնագետները նոր ուսումնասիրություն են անցկացրել՝ պարզելու համար, թե արդյո՞ք Հարավային կիսագնդի ժողովուրդները հնագույն ժամանակներում կարող էին երկար ծովային ճանապարհորդություններ կատարել՝ 50-րդ հարավային զուգահեռականից այն կողմ։

Թոմաս Լեփարդի գլխավորությամբ գիտնականներն իրենց եզրահանգումները հրապարակել են Journal of Coastal and Island Archaeology ամսագրում և եկել են հետաքրքիր եզրակացության. չնայած շատ բնիկ ժողովուրդների, մասնվորապես մաորիների ծովային հմտությունների բարձր մակարդակին, եվրոպացիների ժամանումից առաջ 50-րդ զուգահեռականից հարավ նման ճանապարհորդությունների վերաբերյալ ստույգ ապացույցներ չեն հայտնաբերվել։

Հետազոտողներն ընդգծում են, որ դա, հավանաբար, պայմանավորված էր ոչ թե հմտությունների պակասով, այլ դաժան բնական պայմաններով։ Այդ լայնությունների հարավային ծովերը բնութագրվում էին սառցե ջրերով, սառցաբեկորներով և փոթորիկներով, ինչը նավարկությունը գրեթե անհնար էր դարձնում առանց ժամանակակից գործիքների:

Նման ճամփորդությունները կարող էին ավարտվել աղետով, ուստի, ըստ ամենայնի, դրանք պարզապես չեն իրականացվել։

Գիտնականներն ուսումնասիրել են այս լայնությունների կղզեխմբերը՝ Հարավային Ջորջիան, Օրկնեյյան կղզիները և Սենդվիչյան կղզիները։ Այնտեղ հայտնաբերված բոլոր գտածոները թվագրվում են 19-րդ դարի եվրոպական կետորսների դարաշրջանին։

Հնագիտությունը դեռևս չի հայտնաբերել բնիկ ժողովուրդների ավելի վաղ վայրերի, բնակավայրերի կամ նավերի հետքեր։

Հեղինակներն ընդգծում են, որ սա չի նշանակում, թե հին ծովագնացները անկարող էին երկար ճանապարհորդությունների։ Ընդհակառակը, նրանք տիրապետում էին ծովին, հասկանում էին քամիներն ու հոսանքները և գիտեին, թե ինչպես կողմնորոշվել աստղերով։ Պարզապես, ինչպես եզրակացնում է ուսումնասիրությունը, դեռևս համոզիչ ապացույցներ չկան, որ նրանցից որևէ մեկը համարձակվել է ներխուժել այնտեղ, որտեղ օվկիանոսը վերածվում է սառույցի և քամու թագավորության։

Բայց հնագետները չեն բացառում, որ նոր հայտնագործությունները կարող են փոխել այս ըմբռնումը. չէ՞ որ ծովային հայտնագործությունների պատմությունը հաճախ սկսվում է նրանից, ինչը երկար ժամանակ անհնար էր համարվում։