«Չեմ կարծում որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարության մեջ արտառոց որեւէ բան կա, չարժե դրան լուրջ վերաբերել»,- NEWS.am-ի թղթակցի հետ ունեցած զրույցում հայտարարեց ՀՅԴ խմբակցության անդամ Արտյուշա Շահբազյանը՝ խոսելով հայկական կողմին ուղղված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ռազմատենչ հայտարարությունների մասին։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 22-ին Մյունխենում կայանալիք Ալիեւ Սարգսյան հանդիպումից առաջ Ադրբեջանի նախագահը հանդես է եկել ռազմատենք հայտարարությամբ, ասելով, որ իրենց համբերությունը վերջանում է եւ եթե այս հանդիպումն էլ անարդյունք լինի, Ադրբեջանը կարող է գնալ ռազմական լուծման:
Նշելով, որ սրանք ադրբեջանական կողմի հերթական սպառնալիքներ են, Ա. Շահբազյանը բացառեց պատերազմի վերսկսման հնարավորությունը, եւ նշեց, որ դա հնարավոր է միայն այն դեպքում, եթե «որոշ երկրներ լուռ համաձայնությամբ սատարեն Ադրբեջանին»: Նա նաեւ համոզմունք հայտնեց, որ Սերժ Սարգսյանի՝ երկկողմ հանդիպմանը գնալու որոշումը ճիշտ է, սակայն վաղուց ժամանակն է, որ նմանօրինակ հանդիպումներին Հայաստանը գնա լուրջ փաստարկներով եւ լավ պատրաստված։ «Հայկական կողմը, նախեւառաջ, պետք է Մինսկի խմբի համանախագահների ուշադրությունը հրավիրի այն բանի վրա, թե ինչպե՞ս կարելի է շարունակել բանակցային խաղաղ գործընթացը, երբ Ադրբեջանը ակնհայտորեն դեմ է դրան»,- նշեց նա։
Հարցին, թե ի՞նչ ակնկալիքներ ունի նախագահների մյունխենյան հանդիպումից, ՀՅԴ ներկայացուցիչը պատասխանեց, որ հատուկ սպասումներ այդ առումով չունի, այնուամենայնիվ չի բացառում, որ Մինսկի խմբի համանախագահների ճնշումների ներքո, հայկական կողմը կարող է գնալ էական զիջումների։ «ԵԱՀԿ Մինսկի խումբը շահագրգռված է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմամբ, հետեւաբար կանի ամեն ինչ՝ գործընթացն արագացնելու համար»,- եզրափակեց նա։




























