«Ակնհայտ է, որ Ադրբեջանի նախագահը փորձում է ճնշում գործադրել հայկական կողմի եւ միջազգային միջնորդների վրա»,-մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կատարած հայտարարությունը, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում կարծիք հայտնեց ԼՂՀ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հանրային խորհրդի նախագահ, ԼՂՀ ԱԳ նախարարի նախկին տեղակալ Մասիս Մայիլյանը: Հիշեցնենք, որ նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել էր, որ եթե նոյեմբերի 22-ին Մյունխենում Սերժ Սարգսյանի հետ կայանալիք հանդիպումն անարդյունավետ լինի, Ադրբեջանը կվերսկսի ռազմական գործողությունները:
ԼՂՀ ԱԳ նախկին փոխնախարարը Ադրբեջանի այսպիսի պահվածքը պայմանավորում է նրանով, որ սա հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից հետո Ադրբեւջանի նախագահի հետ առաջին հանդիպումն է: Իսկ այն, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն ընթանում է ԼՂ խնդրից անկախ, Բաքվին անհանգստացնում է: «Այդ պատճառով էլ այսպիսի հայտարություններ են հնչում»,-հավելեց Մաիլյանը:
Նա ասաց, որ Հայաստանը պետք է շարունակի մասնակցել բանակցային գործընթացին եւ հասնի եռակողմ բանակցությունների ձեւաչափի վերականգնմանը, ինչպես նաեւ հակամարտության կարգավորման համար իրատեսական սկբունքներ մշակի եւ ընդունի:
«Եթե Ադրբեջանի իշխանություններին դուր չի գալիս խորհրդակցությունների արդյունքները, ապա այդ գործընթացից պետք է դուրս գա Ադրբեջանը եւ իր վրա վերցնի իր կողմից ընդունած որոշման ողջ պատասխանատվությունը»,- ասաց Մայիլյանը: Ինչ վերաբերում է նախագահների մյունխենյան հանդիպմանը, Մայիլյանը հատուկ սպասումներ չունի, սակայն կարծում է, որ միշտ էլ օգտակար է կարծիքներ փոխանակել տարբեր մակարդակներով: «Ավելի լավ է դա անել բոլոր հակամարտող կողմերի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ բարի կամք դրսեւորելով»,- ընդգծեց նա:




























