«Իլհամ Ալիեւի հայտարարությունը շանտաժի հերթական, հուսահատ փորձ է»,- NEWS.am-ի թղթակից հետ զրույցում նման գնահատական տվեց ԼՂՀ ԱԺ պատգամավոր Գեղամ Բաղդասարյանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարությանը, որ եթե նոյեմբերի 22-ին Մյունխենում կայանալիք Սերժ Սարգսյանի հետ հանդիպումն արդյունավետ չլինի, Ադրբեջանը կվերսկսի ռազմական գործողությունները: Պատգամավորի խոսքով, Ադրբեջանը հիմնախնդիրը ռազմական ճանապարհով լուծելու սպառնալիքը միշտ օրակարգում է պահում՝ նպատակ ունենալով բանակցություններում նախ կորզել առավելագույնը եւ երկրորդը՝ փոխզիջումային տարբերակում այն իր կողմից իբրեւ զիջում ներկայացնել:
Չնայած այս հայտարարությանը Գեղամ Բաղդասարյանը կարծում է, որ նախագահների հանդիպումն այնուամենայնիվ չի իմաստազրկվում: «Սա առաջին դեպքը չէ, եւ եթե իմաստազրկելու լինեին, ապա վաղուց դա կանեին»: ԼՂՀ ԱԺ պատգամավորի խոսքով, ադրբեջանական կողմն արդեն ավանդույթ է դարձրել յուրաքանչյուր հանդիպումից առաջ մեզ շանտաժի ենթարկել:
Գեղամ Բաղդասարյանը նախագահների մյունխենյան հանդիպումից ճեղքում չի սպասում, ընդհակառակը, կարծում է, որ այն ավելի կհստակեցնի ու կխորացնի տարաձայնությունները: «Ընդհանրապես, այն տպավորությունն ունեմ, որ բանակցային գործընթացի այս փուլը մոտենում է իր ավարտին, որից հետո նոր փուլ պիտի սկսվի: Բայց թե ինչպիսին կլինի այն, դժվարանում եմ ասել»,- հավելեց Բաղդասարյանը:




























