Սիրիայի կառավարությունը ներկայումս մտադրություն չունի բանակցություններ վարել Դամասկոսի հետ՝ Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորում նախատեսող Աբրահամի համաձայնագրերին միանալու վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Արաբական Հանրապետության ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ-Շարաան։

«Սիրիայում իրավիճակը տարբերվում է այն երկրներից, որոնք միացել են Աբրահամյան համաձայնագրերին։ Սիրիան սահմանակից է Իսրայելին, որը 1967 թվականից օկուպացնում է Գոլանի բարձունքները։ Մենք այս պահին մտադիր չենք ուղիղ բանակցություններ սկսել»,- ասել է նա Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Միաժամանակ, ալ-Շարաան խոստովանել է, որ ապագայում, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և նրա վարչակազմի միջնորդությամբ, նման շփումներ կարող են տեղի ունենալ։

Սեպտեմբերի 17-ին Սիրիայի անցումային կառավարության արտաքին գործերի նախարար Ասաադ ալ-Շեյբանին և Իսրայելի ռազմավարական պլանավորման նախարար Ռոն Դերմերը Լոնդոնում բանակցություններ են վարել ԱՄՆ հովանու ներքո։ Syria TV հեռուստաալիքի տվյալներով՝ կողմերը քննարկել են անվտանգության միջոցառումների վերաբերյալ պայմանագրի նոր նախագիծ, որը կփոխարինի 1974 թվականին կնքված Գոլանի բարձունքներում իսրայելական և սիրիական ուժերի բաժանման մասին համաձայնագրին։ Հանդիպումը տևել է հինգ ժամ և դրան մասնակցել է ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Թոմ Բարաքը, որը բանակցություննեչում հանդես է գալիս որպես միջնորդ։

Դրանից հետո ալ-Շարաան հայտարարել է, որ Սիրիան կարող է մոտ ապագայում անվտանգության համաձայնագիր ստորագրել Իսրայելի հետ, սակայն նման քայլը «ոչ մի կերպ չի նշանակում հարաբերությունների կարգավորում» հրեական պետության հետ կամ Դամասկոսի միացումը Աբրահամի համաձայնագրերին: Սակայն, ըստ «Al Arabiya» հեռուստաընկերության, համաձայնագրի շուրջ հետագա բանակցությունները կանգ են առել, մասամբ՝ Իսրայելի կողմից Սիրիայի հարավային Աս-Սուվեյդա նահանգ ուղիղ մարդասիրական միջանցքի պահանջի պատճառով, որը դրուզ փոքրամասնության խիտ բնակեցված տարածք է, որտեղ այս ամռանը բախումներ են տեղի ունեցել դրուզների ինքնապաշտպանության ուժերի և արաբական ցեղային աշխարհազորայինների միջև: