Նորվեգիայի նախկին վարչապետ Թուրբյորն Յագլանդը, ով այդ ժամանակ զբաղեցնում էր Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղարի պաշտոնը, մոտավորապես 2017 թվականին դիմել է սկանդալային ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնին՝ խնդրելով ավելի շատ տեղեկություններ հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ամերիկյան հասարակությունում տեղի ունեցող իրադարձությունների մասին։ Այս մասին հայտնում է «Politico»-ն՝ հղում անելով Կոնգրեսի կողմից հրապարակված Էփշտեյնի նամակներին։
«Յագլանդը խնդրել է Էփշտեյնին այցելել իրեն Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում, որպեսզի Էփշտեյնը կարողանա օգնել նրան «ավելին իմանալ Թրամփի և ամերիկյան հասարակությունում տեղի ունեցող իրադարձությունների մասին»», - գրում է պարբերականը՝ նշելով, որ խնդրանքը հնչել է Թրամփի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ 2018 թվականին Հելսինկիում կայացած հանդիպումից մեկ տարի առաջ։
2019 թվականին ԱՄՆ-ում Էփշթեյնին մեղադրանք է առաջադրվել անչափահասների սեռական շահագործման նպատակով առևտրի (40 տարվա ազատազրկում) և նման առևտրի մեջ ներգրավելու դավադրության (5 տարվա բանտարկություն) համար։ Մեղադրող կողմի տվյալներով՝ 2002-2005 թվականներին Էփշթեյնը սեռական հարաբերություններ է ունեցել տասնյակ անչափահաս աղջիկների հետ, որոնց ընդունել է Նյու Յորքում և Ֆլորիդայում գտնվող իր նստավայրերում։ Նա նրանց վճարել է հարյուրավոր դոլարներ կանխիկ գումարով, որից հետո որոշ զոհերի հանձնարարել է ծառայել որպես հավաքագրող՝ նոր աղջիկներ բերելու համար։ Որոշ տուժածների տարիքը չէր գերազանցում 14 տարին։
2019 թվականի հուլիսի սկզբին Նյու Յորքի Մանհեթենի դատարանը, լսելով Էփշտեյնին, որոշել է նրան կալանքի տակ թողնել և գրավի դիմաց չազատել։ Նույն տարվա հուլիսի վերջին հայտնի է դարձել, որ Էփշթեյնին գտել են բանտախցում «կիսաանգիտակից վիճակում», որից հետո նա մահացել է։ Քննությունը ցույց է տվել, որ նա ինքնասպանություն էր գործել։





























