Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Bloomberg հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ էներգետիկայի ոլորտում կոռուպցիայի հետաքննության սկսվելուց ի վեր չի շփվել գործարար Թիմուր Մինդիչի հետ։

«Ամենակարևորը մեղավորներին դատապարտելն է։ Պատերազմի մեջ գտնվող երկրի նախագահը չի կարող ընկերներ ունենալ», - Զելենսկիի խոսքերն է մեջբերում Բաբելը։

Ուկրաինայի նախագահի խոսքով՝ գործը վերաբերում է «բիզնեսներին և կառավարության որոշ անդամներին»։ «Առաջին հերթին, նախարարները կրում են քաղաքական պատասխանատվություն, իսկ հետո, կախված հետաքննության արդյունքներից և դատարանի որոշումներից, այլ պատասխանատվություններ», - ասել է նա։

Մինդիչը կոռուպցիոն սկանդալի կենտրոնում է. նա «Կվարտալ 95» ընկերության համասեփականատեր է, իսկ լրատվամիջոցները նրան անվանում են Զելենսկու ընկերը։

BBC-ի ուկրաինական ծառայությունը նշում է, որ Bloomberg-ին տված հարցազրույցում Ուկրաինայի նախագահն առաջին անգամ խոստովանել է Ուկրաինայի զինված ուժերի նահանջի մասին՝ Դոնեցկի մարզի Պոկրովսկ քաղաքից, որը թեժ մարտերի առարկա է դարձել։

Զելենսկին ընդունել է, որ Պոկրովսկում իրավիճակը «շատ բարդ է»։ Նրա խոսքերը ենթադրում էին, որ նա դեմ չէ Ուկրաինայի զինված ուժերի դուրսբերմանը, սակայն որոշումը կայացնում են տեղի հրամանատարները։

«Ոչ ոք նրանց չի ստիպում մեռնել ավերակների համար», - ասել է Զելենսկին։ «Ես կաջակցեմ մեր զինվորներին, հատկապես այնտեղի հրամանատարներին, իրավիճակը վերահսկելու իրենց կարողության մեջ։ Հակառակ դեպքում դա մեզ համար չափազանց թանկ է. մեզ համար ամենակարևորը մեր զինվորներն են»։

Զելենսկու խոսքով՝ Ռուսաստանը ձգտում է գրավել Պոկրովսկը՝ փորձելով համոզել ԱՄՆ նախագահին, որ Ուկրաինան պետք է ամբողջությամբ դուրս գա Դոնբասից՝ պատերազմը դադարեցնելու համար։