Պակիստանի խորհրդարանը հինգշաբթի հաստատել է լայնածավալ սահմանադրական ուղղում, որը նախագահին և բանակի ներկա հրամանատարին ցմահ անձեռնմխելիություն է շնորհում, որն, ըստ քննադատների, կարող է խաթարել ժողովրդավարական վերահսկողությունը և դատական համակարգի անկախությունը, հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը (AFP)։
Երկու երրորդի մեծամասնությամբ ընդունված 27-րդ ուղղումը նաև համախմբում է ռազմական իշխանությունը Պաշտպանության ուժերի նոր հրամանատարի հետ և ստեղծում է Դաշնային սահմանադրական դատարան։
Ըստ փոփոխությունների՝ բանակի հրամանատար Ասիմ Մունիրը, որը մայիսին Պակիստանի և Հնդկաստանի միջև բախումից հետո ստացել է ֆելդմարշալի կոչում, կստանձնի բանակի, ռազմաօդային ուժերի և նավատորմի հրամանատարությունը։ Նա և այլ բարձրաստիճան զինվորական պաշտոնյաներ կօգտվեն ցմահ անձեռնմխելիությունից։
Ըստ ուղղման՝ ֆելդմարշալի, ռազմաօդային ուժերի մարշալի կամ ռազմածովային ծովակալի կոչում ստացած ցանկացած սպա այժմ կպահպանի իր կոչումը և արտոնությունները ցմահ, կկրի զինվորական համազգեստ և քրեական հետապնդման դեպքում կօգտվի անձեռնմխելիությունից։ Նախկինում նման պաշտպանություն տրամադրվում էր միայն պետության ղեկավարին։
Ուղղումը պաշտպանում է նաև նախագահ Ասիֆ Ալի Զարդարիին ցանկացած քրեական հետապնդումից, թեև այս անձեռնմխելիությունը չի կիրառվի, եթե նա կամ որևէ այլ նախկին նախագահ հետագայում ստանձնի այլ պետական պաշտոն: Զարդարին բազմաթիվ կաշառակերության մեղադրանքների է ենթարկվել, սակայն ավելի վաղ նրա նկատմամբ քրեական հետապնդումը կասեցվել է:





























