Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, փետրվարի 3-ին, ժամը 17:15-ին, նշանակված է «Վանաձոր» ՔԿՀ-ում բժշկի կողմից իր մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետեւանքով մահացած Սլավիկ Ոսկանյանի իրավահաջորդի ներկայացուցիչների բողոքի քննությունը: Սլավիկ Ոսկանյանի իրավահաջորդի ներկայացուցիչներն են Է. Մարուքյանն ու Կ. Թումանյանը:
Իրավահաջորդի ներկայացուցիչները պահանջում են վերացնել ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչի կողմից քրեական գործի վարույթը կարճելու եւ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումը:
Այս գործի առնչությամբ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ ասվում է.
«Գործի էությունն այն է, որ 2010 թվականի դեկտեմբերի 30-ին ՀՀ ոստիկանության Լոռիի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ այն առիթով, որ «Վանաձոր» ՔԿՀ-ի կալանավոր Սլավիկ Ոսկանյանը 2010 թ. հոկտեմբերի 18-ին դիմել է նույն ՔԿՀ-ի բուժական մաս եւ «Վանաձոր» ՔԿՀ-ի բժիշկ Մարզպետ Մինասյանի կողմից ստացել համապատասխան բուժում, սակայն 2010 թ. հոկտեմբերի 24-ին մահացել է:
Քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ բուժվող հիվանդ Սլավիկ Ոսկանյանը մահացել է 2010 թ. հոկտեմբերի 24-ին «Վանաձոր» ՔԿՀ-ի բժիշկ Մարզպետ Մինասյանի կողմից իր մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետեւանքով:
2011 թվականի օգոստոսի 30-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչ Գ. Պետրոսյանը որոշում է կայացրել քրեական գործի վարույթը կարճելու եւ քրեական հետապնդում չիրականացնելու մասին:
ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի որոշումը տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչները ստացել են 2011 թվականի նոյեմբերի 12-ին, որից հետո որոշումը բողոքարկվել է ՀՀ գլխավոր դատախազին:
2011 թվականի դեկտեմբերի 6-ին ՀՀ գլխավոր դատախազության կողմից ստացվել է տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի բողոքը մերժելու մասին որոշում:
Հիշեցնենք, որ Human Rights Watche-ը իր 2011 թ. զեկույցի «Մահացության դեպքեր կալանավայրերում» բաժնում անդրադարձել է նաեւ Սլավիկ Ոսկանյանի գործին, որտեղ մասնավորապես նշվում է. «Կալանավայրերում չբացահայտված հանգամանքներում մահացության դեպքերը նույնպես բացասաբար են ազդում մարդու իրավունքների հայաստանյան ցուցանիշների վրա: 2010 թ. հոկտեմբերին Վանաձորում նախնական կալանքից երկու շաբաթ անց մահացավ ոստիկանության սպայի մոր սպանության մեջ մեղադրվող Սլավիկ Ոսկանյանը: Նրա ընտանիքի պնդմամբ Ոսկանյանը մահացել է փտախտից (գանգրենա), որի պատճառ է դարձել կալանքի ընթացքում ստացված վերքի վարակումը եւ դրա ոչ պատշաճ բուժումը: Հարուցված քրեական գործը կարճվեց` եզրակացնելով, որ բանտային բժշկի անփութությունը պատճառ չի հանդիսացել Ոսկանյանի մահվան համար: Քննությունը երբեք չի անդրադարձել այն հարցին, թե ինչ հանգամանքներում է Ոսկանյանը ստացել նշված վերքերը, որոնք հանգեցրել են նրա մահվանը»:
Սլավիկ Ոսկանյանի գործը հանդիսանում է Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից նախաձեռնված ռազմավարական դատավարություններից մեկը»:




























