ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եւ Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիեւը Մյունխենում քննարկել են շրջանակային պայմանագրի ստորագրումը, որը հետագայում հիմք կդառնա ԼՂ հիմնախնդրի լուծման համար։ Այս մասին հայտնել է Euronews հեռուստաալիքը՝ երկու երկրների նախագահների մյունխենյան հանդիպման արդյունքների մասին ռեպորտաժում։
Աղբյուրը հայտնում է, որ համաձայն այդ փաստաթղթի, հայկական կողմը Լեռնային Ղաաբաղի՝ իր հսկողության տակ գտնվող տարածքներից կհանի զինված ուժերը՝ պահպանելով միջանցքի վերահսկողությունը, որն ապահովում է ցամաքայի կապը Հայաստանի եւ Լեռնային Ղաաբաղի միջեւ, իսկ ԼՂ կարգավիճակի հարցը կլուծվի հանրաքվեի միջոցով։
Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, մյունխենյան հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Բեռնար Ֆասիեն հայտարարել էր, որ որ կողմերը «շոշափելի առաջընթացի» են հասել, բայց որոշ դժվարություներ, այնուամենայնիվ, կան։ Նա նաեւ հայտնել է, որ միջնորդները մտադիր են նախապատրաստել երկու երկրների նախագահների հաջորդ հանդիպումը, բայց չի հստակեցրել՝ որտեղ կարող է լինել դա։
Բացի այդ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին կոչ են արել հեռու մնալ ռազմաշունչ հայտարարություններից։ Հանդիպման նախօրեին Ի. Ալիեւը հանդես էր եկել ռազմատենչ հայտարարությունների շարքով։ Նա, մասնավորապես, ասել էր, որ եթե Բաքվի հույսերը չարդարանան, ապա Ադրբեջանը «իրավունք ունի ռազմական ճանապարհով ազատագրել իր հողերը»։




























