Ամերիկյան Փենսիլվանիա նահանգում ատոմային կայաններից մեկում ռադիացիայի արտահոսք է տեղի ունեցել: ԱԷԿ-ի սեփականատեր ընկերության աշխատակցի խոսքերով, արտահոսքը տեղի է ունեցել պրոֆիլակտիկ վերանորոգման աշխատանքների ժամանակ, հաղորդում է «Մայակ» ռադիոկայանը: Միջադեպի պատճառները դեռ պարզ չեն:
Իր հերթին, NTV-ն, վկայակոչելով ԱԷԿ-ի սեփականատերերին, հաղորդում է, որ ռադիացիայի արտահոսքը չի հանգեցրել լուրջ հետեւանքների:
«Թրի Մայլ Այլենդ» ատոմակայանում ռադիոլոգիական վտանգի ահազանգը հնչել է նոյեմբերի 21-ին: Սարքերը ցույց են տվել ռադիացիոն ֆոնի փոքրիկ աճ՝ ատոմակայանի առաջին էներգաբլոկի առաջին հարկում: Նախազգուշության համար ԱԷԿ-ի աշխատակիցները՝ մոտ 150 հոգի ուղարկվել են տուն: Մինչեւ միջադեպի հետաքննության եւ շինության մաքրման աշխատանքների ավարտը, նրանք աշխատանքի չեն վերադառնա:
Հիշեցնենք, որ հենց այդ ատոմակայանում 1979թ. մարտին տեղի էր ունեցել ԱՄՆ պատմության ամենախոշոր վթարը՝ երկրորդ էներգաբլոկի պայթյունը: Այն ժամանակ մթնոլորտ էր արտանետվել ռադիոակտիվ նյութերի ամպ: Բայց պաշտոնական տվյալներով՝ տեղանքի եւ մարդկանց վարակում չէր գրանցվել:


























