Հայաստանի ոստիկանությունում ավարտվել է դպրոցի նախկին տնօրենի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, յուրացում եւ պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այդ գործով դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը:
Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախաքննությամբ մասնավորապես պարզվել է, որ Երեւանի «Մ. Ճամպազյանի անվան թիվ 79 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Ա. Սարգսյանը, իր պաշտոնեական դիրքը եւ դպրոցի կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունները ծառայության շահերին հակառակ օգտագործելով, 2008-2009 եւ 2009-2010թթ. ուստարվա ֆինանսական հաշվետվություններում ակնհայտ կեղծ տեղեկություններ ներառելու միջոցով կեղծել է 2008 եւ 2009թթ. ուսումնական տարիների 9-րդ եւ 10-րդ դասարանների փաստացի կոմպլեկտավորման ցուցանիշները. փաստացի առկա աշակերտների թիվն ավել է ներկայացրել` հավելագրելով ընդհանուր առմամբ թվով 52 աշակերտների: Արդյունքում` Ա. Սարգսյանը ՀՀ պետական բյուջեից ստացել է դպրոցում փաստացի սովորող աշակերտների թվի համեմատ ավել ֆինանսավորում 4 683 000 դրամի չափով:
Բացի այդ, Ա. Սարգսյանը 2008թ-ի հունիսին դպրոցի 9-րդ դասարանն ավարտող աշակերտների փաստացի թվից ավելի քանակությամբ հիմնական կրթության վկայականներ քաղաքապետարանից ստանալու եւ դպրոցում ընդհանրապես ուսում չստացած քաղաքացիներին հանձնելու համար պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող 2007-2008 ուսումնական տարվա «Հիմնական եւ ավագ դպրոցի շրջանավարտների վկայականների ստացման ակտերում» ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելով, դրանք ներկայացրել է Երեւանի քաղաքապետարանի հիմնական կրթության վկայականները եւ միջնակարգ կրթության ատեստատները բաշխող հանձնաժողովի անդամներին:
Չներկայացնելով ավարտական 9-րդ դասարանների դասամատյանները եւ տվյալ դասարանների դպրոցական քննությունները հանձնած աշակերտների վերաբերյալ տվյալները հավաստող դպրոցի մանկավարժական խորհրդի որոշման քաղվածքը` 2008թ-ի հունիսի 19-ին քաղաքապետարանի կրթության վարչությունից անհիմն ստացել է հավելագրված աշակերտների թվաքանակին համապատասխան թվով 49 հիմնական կրթության վկայականների եւ թվով 2 միջնակարգ կրթության ատեստատների, իսկ 2009թ-ի հունիսի 26-ին նույն եղանակով անհիմն ստացել է թվով 3 հիմնական կրթության վկայականների դատարկ ձեւաթղթեր:
Այնուհետեւ նշված ձեւաթղթերում, ինչպես 2008թ., այնպես էլ 2009թ., անձամբ եւ դպրոցի աշխատակիցների օժանդակությամբ, ըստ նախաքննության տվյալների, կեղծել, լրացրել է դպրոցում իրականում չսովորած աշակերտների տվյալները` պատրաստելով կեղծ վկայականներ եւ ատեստատներ եւ իրացրել:
Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համաձայն Ա. Սարգսյանը, խախտելով դպրոցի կանոնադրության պահանջները, առանց դպրոցի կառավարման խորհրդի որոշումների, իրեն վստահված ու իր կառավարմանը հանձնված «Մ.Ճամպազյանի անվան թիվ 79 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ին պատկանող դրամական միջոցներից իր իսկ հրամաններով 2008թ. հունվարից մինչեւ 2009թ. դեկտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում հաստատված աշխատավարձի դրույքաչափից յուրաքանչյուր ամիս իրեն ավել է վճարել ընդհանուր 2.468.000 ՀՀ դրամ գումար, որից էլ յուրացման եղանակով հափշտակել է ընդհանուր 1.900.360 ՀՀ դրամը` պետությանը պատճառելով խոշոր չափերի վնաս:
Ա. Սարգսյանը Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի կողմից դպրոցին նվիրաբերված գումարներով դպրոցի դասասենյակներից մեկը որպես համակարգչային սենյակ ձեւավորելու, վերանորոգելու նպատակով «Սեար-գրուպ» ՍՊ ընկերությունից 2009թ. սեպտեմբերի 25-ին ձեռք է բերել 1.153.800 ՀՀ դրամի տարբեր տեսակի շինարարական ապրանքներ:
Նախաքննությամբ, սակայն, բավարար հիմքեր են ձեռք բերվել առ այն, որ իր վստահությանը հանձնված այդ ապրանքանյութական արժեքները տնօրենը սահմանված կարգով չի մուտքագրել դպրոցի պահեստ եւ 2009թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին յուրացման եղանակով հափշտակելով` օգտագործել է իր` նոր գնված բնակարանում վերանորոգում կատարելու համար:
Այսպիսով` Ա. Սարգսյանը 2008-2009թթ. պաշտոնեական դիրքի օգտագործմամբ յուրացման եղանակով հափշտակել է ընդհանուր առանձնապես խոշոր չափի` 3.054.160 ՀՀ դրամ գումար:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա Ա. Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով:
Քրեական գործն ուղարկվել է Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան` ըստ էության քննելու համար: Քրեական գործով դատաքննությունը նշանակված է 2012թ. փետրվարի 17-ին:
Նշենք, որ քրեական գործի քննության ընթացքում պարզվել է նաեւ, որ ԿԳՆ կրթության պետական տեսչությունը մի շարք թերություններ, ակնհայտ կեղծ փաստաթղթեր օգտագործելու դեպքեր է հայտնաբերել Երեւան եւ Աբովյան քաղաքների մի քանի այլ դպրոցներում եւս, որոնց ուղղությամբ ոստիկանությունում նախաքննությունը շարունակվում է:




























