Ֆինլանդիան մտադիր չէ պատերազմի ավարտից հետո Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելու պարտավորություն ստանձնել։ Այս մասին հայտարարել է վարչապետ Պետտերի Օրպոն (Ազգային կոալիցիոն կուսակցություն, NCP), փոխանցում է Yle-ն։ Նրա խոսքով՝ Հելսինկին պատրաստ է մասնակցել միայն Ուկրաինայի անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումներին, բայց ոչ ֆորմալ երաշխիքներին, որոնք նա անվանել է «շատ ու շատ լուրջ» պարտավորություն։
Պարզաբանումների առիթ է դարձել ԶԼՄ-ներ արտահոսած ամերիկյան 28 կետից բաղկացած խաղաղության ծրագրի առաջին տարբերակը, որտեղ Ֆինլանդիան նշված էր որպես անվտանգության երաշխիքների պոտենցիալ մատակարարներից մեկը։ Օրպոն նշել է, որ չգիտի, թե ինչու է Ֆինլանդիան հայտնվել փաստաթղթում՝ ընդգծելով, որ այդ հարցի շուրջ որևէ քննարկում չի եղել։ «Մենք շարունակելու ենք աշխատել անվտանգության մեխանիզմների ստեղծման ուղղությամբ, իսկ դա պարզապես երաշխիքներ չեն», – ասել է վարչապետը։
Եվրոպական երկրներն ու ԱՄՆ-ը շարունակում են քննարկել հրադադարից հետո Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքների հնարավոր պարամետրերը։ Դեկտեմբերի 1-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպումից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ «ցանկացողների կոալիցիայի» երկրներն ավարտել են համապատասխան առաջարկությունների նախապատրաստումը և շուտով դրանք կներկայացնեն ամերիկյան կողմին։ The Wall Street Journal թերթը գրել էր, որ ավելի վաղ Ֆլորիդայում տեղի ունեցած ուկրաինական և ամերիկյան պատվիրակությունների բանակցությունները թույլ չեն տվել վերացնել այդ հարցի շուրջ առկա բոլոր տարաձայնությունները։
Politico-ն նոյեմբերի վերջին, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է քննարկել Կիևի համար անվտանգության երկարաժամկետ երաշխիքները միայն խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո։ Ըստ պարբերականի տվյալների՝ Վաշինգտոնի այս դիրքորոշման մասին եվրոպացի դաշնակիցներին տեղեկացրել է Պետդեպարտամենտի ղեկավար Մարկո Ռուբիոն։
Դեկտեմբերի 2-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ հրադադարի բանակցություններում «ամենազգայուն» հարցերն են անվտանգության երաշխիքները, տարածքները և սառեցված ռուսական ակտիվները։ Նա հավելել է, որ Կիևը հույսը դնում է Միացյալ Նահանգների, եվրոպական երկրների և այլ գործընկերների «ուժեղ երաշխիքների» վրա։





























