ՀՀ վարչական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Լիլիթ Սադոյանի, 2025 թվականի նոյեմբերի 24-ին վճռել է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի նախկին տեղակալ Իգոր Սարգսյանի հայցն ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մերժել: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ՝ ուսումնասիրելով դատական տեղեկատվական համակարգում հրապարակված դատական ակտը:

Խոսքը «Սրբազան պայքարի» գործով անցնող ՀՅԴ ԳՄ անդամ Իգոր Սարգսյանի մասին է, որին Նիկոլ Փաշինյանը երկու անգամ ազատել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից: Կառավարության ղեկավարն առաջին անգամ իրեն ենթակա տեսչական մարմնի ղեկավարի տեղակալին աշխատանքից ազատել է 2019 թվականի հոկտեմբերի 23-ին: Այս որոշումը Սարգսյանը վիճարկել է վարչական դատարանում և երեք դատական ատյաններում հաղթել: Դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավիճռի կատարումը շուրջ կես տարի ձգձգելուց հետո Փաշինյանը 2024 թվականի սեպտեմբերի 11-ին որոշում է կայացրել վերականգնել Սարգսյանին նախկին աշխատանքում: Սակայն վերանշանակումից երկու օր անց՝ սեպտեմբերի 13-ին վարչապետի նոր որոշմամբ՝ Իգոր Սարգսյանն ազատվել է բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից:

Այս որոշումից հետո էլ է Սարգսյանը հայցադիմում ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ Նիկոլ Փաշինյանի՝ խնդրելով անվավեր ճանաչել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ իրեն տեսչական մարմնի տեղակալի պաշտոնից ազատելու մասին թիվ 820-Ա որոշումը և վերականգնել իր խախտված իրավունքները, Նիկոլ Փաշինյանից հօգուտ իրեն բռնգանձել իր միջին աշխատավարձի գումարը՝ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար, ինչպես նաև իրեն վերականգնել ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնում, նախկին աշխատանքում վերականգնելու անհնարինության դեպքում նշանակելու այլ համարժեք աշխատանքի, իսկ աշխատանքում վերականգնելու անհնարինության դեպքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հօգուտ Սարգսյանի բռնագանձել միջին աշխատավարձի տասնեկուապատիկի չափով գումար՝ որպես աշխատանքում չվերականգնելու դիմաց հատուցում:

Դատարանը, սակայն մերժել է հայցը՝ պատճառաբանելով, որ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնը վարչական պաշտոն է, որպիսի պաշտոնից ազատման հարցը գտնվում է ՀՀ վարչապետի հայեցողության շրջանակում։

Մասնավորապես դատարանը վկայակոչել է ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ՎԴ/2257/05/20 վարչական գործով 2024 թվականի հունիսի 28-ին կայացված որոշումն, ըստ որի՝ վարչական պաշտոն զբաղեցնող անձի, այդ թվում՝ տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի, պաշտոնավարման դադարեցումը վերապահված է այդ պաշտոնից ազատելու իրավասությամբ օժտված պետական մարմնի՝ ՀՀ վարչապետի հայեցողությանը, և այդ գործընթացում ՀՀ աշխատանքային օրենսգրքի նորմերը կիրառելի չեն:

Բացի այդ վկայակոչվել է նաև Սահմանադրական դատարանի 2024 թվականի փետրվարի 27-ի թիվ ՍԴՈ-1716 որոշումը, որով արձանագրվել է, որ վարչական պաշտոն զբաղեցնող անձը չի կարող օգտվել իր պաշտոնավարման կայունության այնպիսի երաշխիքից, որի գործադրումը կհակասի իր պաշտոնին նշանակելու և պաշտոնից ազատելու իրավասություն ունեցող պետական մարմնի կամ պաշտոնատար անձի հայեցողությանը։

Նշենք, որ ՍԴՈ-1716 որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահի Վահագն Վերմիշյանին պաշտոնից ազատելու գործով Վճռաբեկ դատարանը դիմել էր Սահմանադրական դատարան՝ համարելով, որ վարչապետին ենթակա պետական մարմնի ղեկավարին պաշտոնից ազատելու հետ կապված իրավահարաբերության նկատմամբ (Աշխատանքային օրենսգրքի 7-րդ հոդվածի 7-րդ մասի հիման վրա) հանրային ծառայությունից կամայականորեն ազատելու արգելքը կիրառելու պայմաններում վիճարկվող դրույթը սահմանադրական կարգավորումների տեսանկյունից խնդրահարույց է։ Վճռաբեկ դատարանի մոտ նման համոզմունք ձևավորվել էր այն բանից հետո, երբ Վերաքննիչ վարչական դատարանը որոշում էր կայացրել անվավեր ճանաչել «Վահագն Վերմիշյանին քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնից ազատելու մասին» կառավարության որոշումը և պարտավորեցնել ՀՀ կառավարությանը Վահագն Վերմիշյանին հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար վճարել հատուցում: Սահմանադրական դատարանը որոշել էր, որ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 7-րդ հոդվածի 7-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, համաձայն որի՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի դրույթները չեն տարածվում պետական վարչական պաշտոնում նշանակման և այդ պաշտոնից ազատման իրավահարաբերությունների նկատմամբ:

Փաստացի ստացվում է, որ Վճռաբեկ Դատարանը և Սահմանադրական դատարանը իրենց որոշումներով կանաչ լույս են վառել, որպեսզի Նիկոլ Փաշինյանի նշանակած պաշտոնյաներն այլևս չկարողանան բողոքարկել իրենց աշխատանքից ազատման որոշումները, իսկ նախկինում դատական երեք ատյաններում հաղթած նախկին պաշտոնյաները վերականգնվելուց հետո նորից պարտվեն դատարաններում: