Ստոկհոլմի Սալեմ արվարձանում 2010 թվականից ի վեր առաջին անգամ նեոնացիստների ջահերով երթ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնել է Sweden Herald պարբերականը՝ հղում անելով ոստիկանությանը։

Դեկտեմբերի 8-ին այսպես կոչված «Սալեմի երթին» մասնակցել է շուրջ 150 արմատական։ Մոտավորապես նույնքան մարդ էլ դուրս է եկել այդ ակցիայի դեմ բողոքելու համար։ Ցույցի սկսվելուց առաջ մոտ 10 հականեոնացիստներ փորձել են ճեղքել ոստիկանական պատնեշները։ Քարով հարվածել են իրավապահներից մեկի ձեռքին։ Ոստիկանությունը ձերբակալել է 15 մարդու և անկարգությունների փաստով գործ է հարուցել։

Ինչպես նշում է պարբերականը, նեոնացիստների երթը կազմակերպվել էր միգրանտի կողմից սպանված տեղացի 17-ամյա ծայրահեղ աջ հայացքներ ունեցող դեռահասի մահվան 25-ամյակի կապակցությամբ: Նմանատիպ բողոքի ցույցերը նախկինում տեղի են ունեցել Սալեմում 2000-ից 2010 թվականներին: